«Անադոլուն» հայտնում է, որ Ստամբուլում մեկնարկել են հարաբերությունների կարգավորման մասին ռուս-ամերիկյան բանակցությունները:
ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների միջև հեռախոսազրույցից հետո, ինչպես հայտնի է, երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները՝ ՌԴ արտգործնախարար Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն, հանդիպել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում: Ըստ կողմերի տարածած տեղեկատվության՝ ներկայումս քննարկումները շարունակվում են փորձագետների մակարդակով:
Ստամբուլում մեկնարկող բանակցությունները սկզբունքորեն կապ չունեն ոչ միայն ուկրաինական կարգավորման, այլև Ռուսաստան-ԱՄՆ հնարավոր համագործակցության հետ: Կողմերի դիվանագետները պետք է քննարկեն դիվանագիտական հարաբերություններն ամբողջ ծավալով վերականգնելու հարցը:
Ինչպես հայտնի է, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից պատերազմ սանձազերծելուց հետո Մոսկվան և Վաշինգտոնը կտրուկ իջեցրել են դիվանագիտական շփումների մակարդակը և ինտենսիվությունը:
Ու թեև պաշտոնապես չի հայտարարվել դեսպանների ետկանչի կամ դիվանագիտական ներկայացուցչությունները փակելու մասին, փաստ է, որ ներկայումս ԱՄՆ-ը դեսպան չունի Մոսկվայում, Ռուսաստանը՝ Վաշինգտոնում:
Ըստ տեղեկությունների, Ռուսաստանն ամիսներ առաջ Վաշինգտոնին նոր դեսպանի թեկնածություն է ներկայացրել, բայց Միացյալ Նահանգները նրա ագրեմանը չի հաստատել: ԱՄՆ դեմոկրատական վարչակազմն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակներում կալանք է կիրառել Ռուսաստանի սեփականության հանդիսացող մի քանի հաստատությունների նկատմամբ:
Ստամբուլում, ինչպես հետևում է ստացվող տեղեկատվությունից, կողմերը քննարկելու են այդ կարգի, ինչպես նաև դիվանագիտական հաղորդակցությունը վերականգնելու հետ կապված հարցեր: Բանակցություններին թուրքական կողմից որևէ ներկայացուցիչ չի մասնակցելու:
Ավելին՝ «Անադոլուն» հայտնում է, որ Ռուսաստանի ԱԳՆ պատվիրակությունը տեղական ժամանակով 9:50-ին ժամանել է Ստամբուլում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսության նստավայր: Իրավական առումով դա նշանակում է, որ բանակցությունները տեղի են ունենում ոչ թե Թուրքիայի, այլ Միացյալ Նահանգների տարածքում:
Թուրքիան նախագահի մակարդակով դժգոհություն էր հայտնել ռուս-ամերիկյան բանակցությունները Սաուդյան Արաբիայում կազմակերպելու առթիվ և հիշեցրել, որ ուկրաինական կարգավորման բանակցային հարթակ առաջինն ինքն է տրամադրել:
2022թ. ապրիլին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների մասին նախօրեին հիշեցրել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և պատրաստակամություն հայտնել աջակցելու Սև ծովում անարգել նավագնացությանը, եթե կողմերը դրա կարիքն ունենան:
Ստամբուլում ռուս-ամերիկյան բանակցությունների անցկացումն, անկախ փաստից, որ դրանք ընթանում են Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսի նստավայրում, Թուրքիայի համար, իհարկե, կարևորություն ունի:
Բացառված չէ, որ Ստամբուլը ռուս-ամերիկյան «ժամադրավայր» մնա այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը լիարժեք և ամբողջ ծավալով դիվանագիտական հարաբերությունների ռեժիմի չեն վերադառնա:
Բայց կոնկրետ այս փուլում Թուրքիան ռուս-ամերիկյան բանակցություններում ներգրաված չէ, միջնորդություն չի իրականացնում: Առհասարակ Ռուսաստանը դեմ է իր և ԱՄՆ միջև «գործարքի նախապատրաստմանը» որևէ երրորդ կողմի ներգրավմանը, անգամ եթե դա Եվրամիությունն է:
Այս ֆոնին թուրքական մամուլը տեղեկացնում է, որ իտալական ռազմաարդյունաբերական համալիրի առաջատար ընկերություններից մեկը՝ Leonardo-ն և թուրքական Baykar-ը համագործակցության հուշագիր են ստորագրել:
Ըստ տեղեկությունների՝ խոսքն Իտալիայում նոր սերնդի ԱԹՍ-ների համատեղ արտադրություն սկսելու մասին է: Ի տարբերություն եվրոպական երկրների՝ Թուրքիան վերջին մեկուկես տասնամյակում զգալիորեն մեծացրել է ռազմական ծախսերը և զարգացրել սեփական ռազմաարդյունաբերությունը:
Եվրամիությունն այս իրողությունն անտեսել չի կարող: Իր հերթին Թուրքիան, անկասկած, ձգտելու է լինել Եվրոպայի անվտանգության «երաշխավորներից» մեկը: Բացառված չէ, որ Թուրքիան մասնակցի Ուկրաինայում խաղաղապահ առաքելությանը: Նման ցանկություն, համենայն դեպս, Ուկրաինայի նախագահ Զելենսկին հնչեցրել է:
Բաց մի թողեք
Հայաստանը նրանց հարաբերությունների տեղատվության փուլերում կարող է լինել առիթ, բայց ոչ պատճառ
Բաքուն Թրամփին նամակ է գրում՝ մատնագիր, որ Էրդողանը գտնվում է նրա մրցակիցներին ազդեցության ներքո
Արդյո՞ք միայն ֆուտբոլային ինտրիգն էր Վրաստանի վարչապետին ու պաշտպանության նախարարին բերել Երևան