Թուրքիայում սպասվում է ՌԴ և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունը, որտեղ քննարկվելու է երկու երկրների դեսպանատների աշխատանքը լիարժեք վերականգնելու հարցը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, որը փետրվարի 24-ին Անկարայում էր, 25-ին Թեհրանում, իսկ 26-ին՝ Դոհայում:
Անկարան փաստորեն կարողացավ «խցկվել», տեղավորվել Ռուսաստանի և ԱՄՆ միջև սկսած երկխոսության գործընթաց:
Իհարկե, Անկարային չհաջողվեց դառնալ այսպես ասած պատվավոր բացման հարթակ, այդպիսին ընտրվեց Էր Ռիյադը, սակայն երկրորդ հանդիպման վայր դառնալ՝ կարծես թե ստացվեց: Այստեղ, սակայն հարկ է ուշադրության արժանացնել հանգամանքը, որ դա տեղի է ունենում Լավրովի այցից հետո: Հրապարակվում էին տեղեկություններ, որ ռուս-ամերիկյան բանակցության բացման համար հարթակի ընտրության հարցում Ռուսաստանն է եղել արաբական երկրների տարբերակի ջատագովն ու առաջ մղողը:
Դա թերևս պայմանավորված է այն որոշակի սառնությամբ, որ արդեն գրեթե երկու տարի նկատելի է ռուս-թուրքական հարաբերություններում: Դա, իհարկե, սպեցիֆիկ սառնություն է, այսինքն` շփումներ այդուհանդերձ կան, սակայն դրանց մեխանիկան ակնհայտորեն փոխված է, ինչի բավականին ընդգծված վկայություն է այն, որ ՌԴ նախագահ Պուտինն այդպես էլ չի կատարում Էրդողանի այդքան սպասած այցը Թուրքիա: Թեև, չի բացառվում, որ մոտ ապագայում կարող է նաև որոշակիանալ այդ հանգամանքը: Դա կախված է գուցե նրանից, թե ինչպես կպահի Թուրքիան իրեն նոր իրավիճակում, կվերականգնի՞ վստահությունը ՌԴ մոտ ամբողջությամբ, թե՞ ոչ:
Այն, որ Անկարային հաջողվել է որոշակի առաջընթաց այդ հարցում, վկայում է հենց ամերիկա-ռուսական բանակցության երկրորդ ռաունդը Ստամբուլում անցկացնելու որոշումը: Բայց, ի՞նչ պայմանավորվածության շնորհիվ է Անկարան «ստացել» այդ հնարավորությունը Մոսկվայից: Արդյո՞ք դա կարող էր վերաբերել Ադրբեջանին, մասնավորապես Ռուսաստանի հանդեպ Բաքվի վերջին շրջանի պահվածքի համատեքստում:
Համենայն դեպս, Լավրովի այցից հետո նրա գործընկեր Ֆիդանն ընդունել է Իլհամ Ալիեւի օգնական Հաջիևին, իսկ Էրդողանն էլ հեռախոսազրույց ունեցել Ալիևի հետ: Մինչ այդ ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը վստահություն էր հայտնել, թե Ադրբեջանը հասկանում է ՌԴ հետ դաշնակցային հարաբերությանը հավատարիմ լինելու կարևորությունը:
Էրդողանը դա՞ է բացատրել Ալիևին, թե՞ խնդրել է առժամանակ «ձևացնել», որ հասկանում է, Անկարային հնարավորություն տալով տեղավորվել ռուս-ամերիկյան «միջանցքում» և փորձել քաղել դիվիդենտներ, դրանք գուցե Բաքվին էլ բաժին հանելու խոստումով:
Բաց մի թողեք
Թուրքիան ռուս-ամերիկյան բանակցություններում ներգրավված չէ՝ իր խաղն է խաղում
Պուտինի վախերը Ֆրանսիայից ու Մեծ Բրիտանիայից, Թրամփը թերևս չի շարունակի
Էրդողանն իրեն գործոն է համարում ԱՄՆ – Եվրամիություն հարաբերություններում