«Հարկային տեռորը նշանակում է, որ մենք ինչ-որ անօրինական կամ ավելորդ գործողություններով փորձում ենք միջամտել և խանգարել տնտեսվարողի կյանքին, որպեսզի մաքսիմալ հարկային եկամուտ հավաքագրենք, մինչդեռ այն, ինչ տեղի է ունենում հիմա, դրանք սովորական մեր գործիքակազմով ստուգումներ են»։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ էդուարդ Հակոբյանը՝ անդրադառնալով լուրերին, թե ՊԵԿ-ը հարկային տեռոր է սկսել. «Մենք նման ազդակ չունենք, որ տեռոր կա։ Եթե կան նման ազդակներ, խնդրում եմ անձամբ ուղարկեք ինձ, ես ինքս այդ հարցով կզբաղվեմ։ Ինչպես բոլոր բիզնեսներում, մենք ունենք ստուգումների թիրախային ծրագիր, որը տարվա համար սահմանվում է, և եթե բացահայտվում են ռիսկեր, ստուգումներ են իրականացնում ու, ըստ դրա, բացահայտվում են»:
Անդրադառնալով տեսակետին, որ պատճառը բյուջեի դեֆիցիտն է, որի համար էլ «քերթում» են գործարարներին, ՊԵԿ նախագահը նկատեց. «Ո՛չ, չենք «քերթում», բացարձակ նման երևույթ չկա: Դուք հիմա ուղղակի սրում եք հարցը՝ պարբերաբար բառեր օգտագործելով: Մենք տնտեսվարողներին և բոլորին վերաբերում ենք որպես մեր ընտանիքի անդամներ, մենք փորձում ենք մեր ծառայությունը մաքսիմալ մարդակենտրոն դարձնել: Եվ հետևաբար, քերթելու մասին խոսելը կարելի է ինչ-որ անեկդոտ կամ հեքիաթ պատմելու ժամանակ»:
էդուարդ Հակոբյանը հավաստիացրել է, որ քաղաքացիների կողմից հայտարարագրերի ներկայացման դրական դինամիկա կա: Հարցին՝ եթե մոտ 750 հազար գրանցված աշխատողները հայտարարագիր չներկայացնեն, ՊԵԿ-ն ի՞նչ է անելու, Հակոբյանն ասել է. «Դուք հարցը տալիս եք բացասական կողմից, բայց հիմա դինամիկան հակառակն է հուշում: Անելու ենք այն, ինչը որ արել ենք անցած տարի»:
Հակոբյանի խոսքով՝ մոտ 12 հազար քաղաքացի արդեն ներկայացրել է հայտարարագիր, մի մասը՝ ստացել սոցիալական կրեդիտներ: Հրացին, թե եթե մնացած 600 հազարը չներկայացնեն հայտարարագիր, ի՞նչ է սպասվելու, ՊԵԿ նախագահը պատասխանել է, որ գործում է միայն տուգանքի մեխանիզմը. «Այս պահին ուրիշ մեխանիզմ չկա. տուգանքի բարձրացում, կրկնապատկում է»:
Բաց մի թողեք
«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի հաջողված պատմություններ Լոռիից. մշտադիտարկում. Լուսանկարներ
Աճ՝ տարադրամի շուկայում․ ապրիլի 18-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվեց․ մինչև ե՞րբ պետք է ներկայացնել