30/04/2025

ՄԱԿ–ում Հայաստանը կունենա ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ

Երևանը Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը կից ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ կունենա։

Որոշման նախագիծը ՀՀ կառավարությանը ներկայացրել է Պաշտպանության նախարարությունը։

Կցորդը կոչված է իրականացնել ՄԱԿ Քարտուղարության խաղաղության գործողությունների վարչության (DPO) հետ համագործակցության խորացումը, որը կարող է նպաստել ՀՀ խաղաղապահ զինված ուժերի կարողությունների բարձրացմանը և ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին ՀՀ մասնակցության խորացմանը:

ՀՀ պաշտպանության հարցերով կցորդը հնարավորություն կունենա ներկայացնել Հայաստանի ռազմական, ռազմաքաղաքական առաջնահերթությունները և միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համատեքստում մոտեցումները, ասված է կառավարության որոշման մեջ: