24/04/2025

Որքան կշարունակվեն անձրևները, ապրիլի 24-ին կլինեն տեղումներ, երբ կտաքանա եղանակը. Սուրենյան

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի խոսքով՝ առաջիկա հինգ օրերին Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, պարզապես այդ ցիկլոնը մեկ ակտիվանալու է, մեկ թուլանալու։

Հենց այդ ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված՝ ապրիլի 22-ին հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ անձրևներ։ Արարատյան դաշտի առանձին հատվածներում թափվել է ամսական նորմայի 50-60 տոկոսի չափով տեղում։

Իսկ թե դեռ որքա՞ն տեղումները կշարունակվեն, Սուրենյանը մանրամասնում է. «Առաջիկա գիշերը և վաղը մինչև առավոտ շրջանների մեծ մասում տեղումները շարունակվելու են։ Վաղը՝ ցերեկային ժամերին, կարճատև անձրև կլինի հյուսիսային շրջաններում՝ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռնային գոտիներում, Կոտայքում։ Հանրապետության մյուս հատվածներում գերակշռելու է առանց տեղումների եղանակ»։

Ապրիլի 25-ին սպասվելու է հաջորդ ցիկլոնը, և 25-ի ցերեկը շրջանների մեծ մասում լինելու են անձրև, ամպրոպ, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Սուրենյանը և հավելում՝ ապրիլի 26-ին ցիկլոնը նորից թուլանալու է, կարճատև տեղումներ լինելու են հյուսիսային հատվածներում․ «Ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը հանրապետության մեծ մասում սպասվում են անձրևներ, ամպրոպ։ 27-ի ցերեկը և 28-ին հյուսիսային մարզերում կրկին կարճատև անձրևներ են սպասվում»։

Ըստ Սուրենյանի՝ օդի ջերմաստիճանը վաղը ցերեկը կբարձրանա 4-ից 6 աստիճանով և առաջիկա հինգ օրերին կմնա անփոփոխ։ Իսկ արդեն ապրիլի 28-ից մայիսի 5-ը կանխատեսվում է, որ Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում, ինչը նշանակում է, որ տեղումների քանակը որոշակիորեն կնվազի։

Օդի ջերմաստիճանը ապրիլի 21-28-ը կանխատեսվում է նորմայից բարձր 3-6 աստիճանով, իսկ ապրիլի 28-ից մայիսի 5-ը՝ նորմայից բարձր 1-3 աստիճանով, կենտրոնական շրջաններում՝ 3-6 աստիճանով:

Ապրիլի 21-28-ը տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից բարձր 10-30% հյուսիսային և կենտրոնական շրջաններում, մնացած հատվածներում նորմայից ցածր: