20/05/2025

Վատիկանը փակել է Սիքստինյան կապելլան՝ պատրաստվելով կոնկլավին. հայտնի է Հռոմի նոր պապի ընտրության օրը

Կոնկլավը, որի արդյունքում կարդինալները պետք է ընտրեն Հռոմի 267-րդ պապին, կկայանա մայիսի 7-ին՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը հաջորդող իննօրյա սգի շրջանի ավարտից հետո։

Կոնկլավի նախապատրաստական աշխատանքների նպատակով Վատիկանն արդեն այցելուների համար փակել է Սիքստինյան կապելլան։ Այն նախապատրաստվում է կարդինալների համար, որոնք ընտրելու են նոր պոնտիֆիկոսին։ Մասնավորապես տեղադրվելու է ծխնելույզ, որտեղից ծուխ դուրս կգա՝ ցույց տալու համար քվեարկության ընթացքը. սև, եթե նոր պապ դեռ ընտրված չէ, սպիտակ, եթե նոր պապ է ընտրվել։

Վերջին այցելուները կարողացել են Սիքստինյան կապելլա մտնել կիրակի օրը։ Հայտնի չէ, թե երբ այն կրկին կբացի իր դռները զբոսաշրջիկների առաջ, քանի որ կոնկլավը կտևի այնքան ժամանակ, որքան կպահանջվի պոնտիֆիկոս ընտրելու համար:

Հիշեցնենք՝ Վատիկանում ապրիլի 26-ին տեղի է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հոգեհանգստի արարողությունը։