22/10/2026

EU – Armenia

ԵՄ-ն ստուգում է՝ արդյոք Booking.com-ը բավարար միջոցներ ձեռնարկո՞ւմ է կեղծ հայտարարությունների և ֆիշինգային խարդախությունների դեմ պայքարելու համար

Հետաքննության ավարտի համար հստակ իրավական ժամկետ սահմանված չէ, սակայն Booking.com-ը կարող է առաջարկել միջոցառումներ՝ Եվրոպական հանձնաժողովի մտահոգությունները փարատելու համար։

Չորեքշաբթի օրը Եվրոպական միությունը հետաքննություն է սկսել առցանց ճամփորդական հարթակ Booking.com-ի նկատմամբ՝ կապված այն մտահոգությունների հետ, որ ընկերությունը պատշաճ կերպով չի արձագանքել կեղծ հայտարարություններին և ֆիշինգային խարդախություններին։

ԵՄ մարմինները կասկածում են, որ ընկերությունը թերագնահատել է իր հարթակում առկա խարդախությունների և առանց լիցենզիայի գործող կացարանների ազդեցությունը, ինչպես նաև բավարար ջանքեր չի գործադրել՝ կանխելու օգտատերերի տվյալների չարաշահումը խարդախների կողմից։

«Եվրոպացիները պետք է կարողանան ամրագրել իրենց հանգիստը՝ առանց խաբեության զոհ դառնալու վախի», – նշել է ԵՄ թվային հարցերով պատասխանատու Հեննա Վիրկունենը՝ հանդես գալով հայտարարությամբ։

ԵՄ-ն նաև ուսումնասիրում է՝ արդյոք ընկերությունը խախտել է կանոնները՝ «հստակորեն որպես գովազդ չնշելով այն առաջարկները, որոնց տրամադրողները վճարել են օգտատերերին ցուցադրվող որոնման արդյունքներում ավելի բարձր դիրք զբաղեցնելու համար»։

Սա առաջին հետաքննությունն է Booking.com-ի նկատմամբ՝ «Թվային ծառայությունների մասին ակտի» (Digital Services Act – DSA) շրջանակներում։ Սա ԵՄ-ի ընդգրկուն օրենքն է, որը կարգավորում է առցանց հարթակները, այդ թվում՝ սոցիալական ցանցերը և թվային շուկաները։

DSA-ն «հստակ պարտավորություններ է սահմանում», և «մենք պետք է ապահովենք, որ Եվրոպայում ամենախոշոր ամրագրման հարթակը լրջորեն վերաբերվի այդ պարտավորություններին», – հավելել է Վիրկունենը։

Booking.com-ը խոստանում է համագործակցել

Booking.com-ը հայտարարել է, որ «լիովին համագործակցում է» հետաքննության հետ՝ հավելելով, որ «անվտանգությունը, վստահությունը և անձնական տվյալների պաշտպանությունը առաջնային նշանակություն ունեն»։

«Մենք շարունակում ենք հանձնառու մնալ՝ համագործակցելու համապատասխան կառավարությունների, կարգավորող մարմինների, իրավապահ կառույցների և ոլորտի գործընկերների հետ՝ կիբերհանցավորության ու առցանց խարդախությունների դեմ պայքարելու, ինչպես նաև ճանապարհորդներին ու գործընկերներին պաշտպանելու ուղղությամբ», — նշվում է հայտարարության մեջ։

Թվային ծառայությունների մասին ակտի (DSA) համաձայն՝ խախտումների հաստատման դեպքում Booking.com-ին կարող են սպառնալ տուգանքներ՝ մինչև իր համաշխարհային տարեկան շրջանառության 6%-ի չափով։