19/10/2025

Հայաստանը՝ գաղտնի ծառայությունների աշխատավայր

Հայաստանում նոր թափ ստացող հակառուսական քարոզչության ֆոնին օրերս տեղեկություն հայտնվեց այն մասին, որ ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպմանը մասնակցելու համար Բեռլին մեկնած Սուրեն Պապիկյանը հանդիպել է Միացյալ Թագավորության զինված ուժերի նախարար Լյուկ Փոլարդի հետ:

Պաշտպանության նախարարությունը կարճ հաղորդագրություն է տարածել. «Երկուստեք պատրաստակամություն են հայտնել՝ համագործակցությանը նոր թափ հաղորդել՝ երկու երկրներում պաշտպանության հարցերով կցորդներ նշանակելով։ Անդրադարձել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի»:

Ռազմական կցորդներ նշանակելու մասին տեղեկությունն ուշագրավ է այն չհերքված լուրերի ֆոնին, որ Էստոնիայում Փաշինյանը գաղտնի հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների՝ ՄԻ 6-ի ղեկավար Ռիչարդ Մուրի հետ։ Եթե այս լուրերն իրականությանը համապատասխանում են, չենք կարող բացառել, որ Հայաստանի վարչապետը Մուրից հնարավոր աշխարհաքաղաքական զարգացումների ցուցումներ ստացած լինի։
Դեռ 2022-ի դեկտեմբերին Հայաստանում Փաշինյանն ընդունել էր Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրին: Դեռ այն ժամանակ վերլուծաբաններն այս հանդիպումը ոչ ստանդարտ էին համարել՝ հաշվի առնելով կողմերի զբաղեցրած պաշտոնները։ Այդ հանդիպումից հետո՝ 2024 թ․ փետրվարին, Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի եւս մեկ հանդիպում Ռիչարդ Մուրի հետ: Հաշվի առնելով տարածաշրջանում Մեծ Բրիտանիայի աշխարհաքաղաքական հետաքրքրությունները, թե՛ այս հանդիպումները, թե՛ ռազմական կցորդներ նշանակելու հանգամանքը հետաքրքրական են։

Պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Արտակ Բշտիկյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում դրական գնահատեց Պապիկյանի այցը Գերմանիա եւ մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպմանը՝ նշելով, որ Հայաստանը տեւական ժամանակ մասնակցել է խաղաղապահ առաքելությունների, ինչը դրական է, բայց շարունակությունը, ինչպես մեր զրուցակիցն ասաց, մտահոգությունների տեղիք է տալիս, ու այստեղ աշխարհաքաղաքական տեսանկյունից հարցեր են առաջանում։

«Հայաստանը, դե յուրե եւ դե ֆակտո լինելով այլ անվտանգային համակարգում՝ ՀԱՊԿ-ում, եթե ռազմավարական համագործակցության մասին  պայմանավորվածություններ է ձեռք բերում ՆԱՏՕ-ի անդամ երկրների, այսինքն՝ ՆԱՏՕ-ի հետ, դա լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս եւ կարող է վատ անդրադառնալ ՀԱՊԿ-ում մեր հետագա դիրքավորման վրա։ Այստեղ հետաքրքիր է ռազմական կցորդների հանգամանքը, եթե երկրները ռազմական կցորդներով փոխանակվում են, նրանք իրենց երկրների կողմից առաքելություն ունեն իրականացնելու։ Հաշվի առնելով այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակը, երբ մենք տեսնում ենք Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության մեջ Արեւմուտքի առանցքային երկրի՝ ԱՄՆ-ի դիրքորոշումների փոփոխությունը եւ դրա հետ կապված եվրոպական երկրների ջղաձիգ շարժումները, Հայաստան ռազմական կցորդներ ուղարկելու որոշումը, կարծում եմ, պայմանավորված է հենց այս իրավիճակով։ Ինչ կշահի դրանից Հայաստանը, դժվարանում եմ ասել, որովհետեւ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ ռազմական կցորդները, ռազմական առաքելություն իրականացնելուց բացի, հիմնականում կատարում են նաեւ հետախուզական առաքելություն, ինչը, կարծում եմ, ոչ այնքան Հայաստանի հետ է կապված, որքան տարածաշրջանում նրանց ներկայության ապահովման, հատկապես Ռուսաստանի եւ Իրանի դեմ աշխատանքի համատեքստում»,- ասում է Արտակ Բշտիկյանը։

Մեր զրուցակցի խոսքով, ստեղծված իրավիճակում ստացվում է, որ Հայաստանը, ըստ էության, դառնում է օտարերկրյա հատուկ ծառայությունների համար աշխատավայր՝ հարթակ, պլացդարմ, որոնք Հարավային Կովկասում իրենց ազդեցությունն ավելացնելու եւ հիմնականում ռուսական դերակատարումը նվազեցնելու խնդիր են լուծում, ինչպես նաեւ՝ իրանական կողմի հետ հնարավոր մերձեցման դեպքում իրենց փայաբաժինն են փորձում ապահովել։
Հաշվի առնելով եվրոպական երկրների նվազ ռեսուրսները, ռազմական կցորդների առաքելությունը, ըստ մեր զրուցակցի, հավանաբար, տեղավորվելու է նոր որակի ԶՈՒ պատրաստելու, այդ ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու շրջանակում, որի նպատակը ռուսական ազդեցության մաքսիմալ նվազեցումն է լինելու Հայաստանում․ «Թե դա ինչ քաղաքական, անվտանգային ու տնտեսական վտանգներ կբերի մեր երկրին, առողջ դատող ու սթափ մտածող մարդկանց մոտ կասկած չի առաջացնում։ Այս իշխանությունների վարած քաղաքականությունն այս ամբողջ ընթացքում հետեւողականորեն ուղղված է եղել Ռուսաստանի դերի նվազեցմանը եւ կարծեցյալ արեւմտյան վեկտորի որդեգրմանը, որի ուղղությամբ, բացի հայտարարություններից, որեւէ դրական քայլ չի կատարվում»։

Հայաստանում ռազմական կցորդ ունի նաեւ Ֆրանսիան, որի հիմնական դերակատարումը պետք է լինի Հայաստանի ԶՈՒ բարեփոխումներին աջակցելը, բայց թե դրա տակ ինչ իրական ու հեռահար նպատակներ կարող են դրված լինել, ինչպես մեր զրուցակիցն է ասում, դժվար չէ պատկերացնել՝ նկատի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը։ Արտակ Բշտիկյանն այս ակտիվությունը բացատրում է ռուս-ուկրաինական հակամարտության հնարավոր դադարեցման եւ այդ առումով Արեւմուտքի լիակատար ֆիասկոյի հանգամանքով։

«Եվրոպական երկրները ցնցումների մեջ են, որովհետեւ հասկանում են՝ ազդեցություն են կորցնում, ի տարբերություն ԱՄՆ-ի, որի ադմինիստրացիան գետնի վրա իրավիճակը սթափ գնահատեց։ Բացի այս, եվրոպական հասարակություններում էլ տրամադրություններ են փոխվել, եվրոպացի հարկատուները հասկանում են, որ իրենք ստիպված վճարում են իշխանությունների անհեռանկար քաղաքականության համար։ ԱՄՆ-Իրան բանակցությունների որոշակի դրական ֆոնը եւս եվրոպական երկրների մոտ ջղաձգումներ կարող է առաջացնել, այն իմաստով, որ եթե ամերիկաիրանական հարաբերությունները բարելավվեն, նրանք կա՛մ դուրս են մնալու տարածաշրջանից, կա՛մ շատ փոքր ազդեցության չափաբաժին են ունենալու»,- շարունակում է մեր զրուցակիցը, որը նույն գործընթացների լույսի ներքո է դիտարկում նաեւ իսրայելաադրբեջանական հարաբերությունների սերտացումը՝ Իսրայելի գործոնը, որն ամեն կերպ ջանում է Իրանի դեմ արեւմտյան հակազդեցություն ապահովել։

«Հենց այս գեոպոլիտիկ կոնտեքստում է տեղավորվում նաեւ Փաշինյանի այցն Էստոնիա եւ այնտեղ Մուրի հետ հանդիպման մասին տեղեկությունը։ Առաջին անգամ չէ, որ Հայաստանի իշխանությունը նրա հետ հանդիպում է, հասկանալի է՝ նոր հրահանգներ կարող են լինել։ Մեծ Բրիտանիայի հետաքրքրությունն այս տարածաշրջանում հասկանալի է՝ նա ուզում է անմասն չմնալ խաղից»,-իրավիճակը վերլուծում է Բշտիկյանը՝ հավելելով, որ Փաշինյանի՝ Էստոնիա այցի ֆոնին մոսկովյան այցը, մեղմ ասած, դրական չի եղել, ու ՔՊ-ական վերջին օրերի հիստերիան մասամբ նաեւ դրանով է պայմանավորված։