20/10/2025

Մերձավանում կատարվածի համատեքստում նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հզր դպրոցականներին. Հարությունյան

Մերձավանում տեղի ունեցածի համատեքստում ուզում եմ խնդրել, որ զերծ մնանք ընդհանրացումներից և նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հազար դպրոցականներին:

Այս մասին սոցցանցի իր էջում գրում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ շարունակելով.

«Նրանց գերակշիռ մեծամասնությունը փայլուն, դաստիարակված, խելացի երեխեք են, որոնք մեծ ապագա են ապահովելու մեր պետությանը: Շատ շփվեք նրանց հետ, ահագին բան կսովորեք»:

Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի դպրոցում աշակերտներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացրել պատմության ուսուցչուհու դեմ։

Նրանց պնդմամբ՝ պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանը ուսուցչին ոչ հարիր վարք է դրսևորում, վիրավորում է աշակերտներին, ուսուցչական կազմին, ոչ պատշաճ կերպով է արտահայտվում արցախցիների մասին, քաոսի է վերածել դպրոցի բնականոն աշխատանքը, քարոզում է սիրել թուրքերին:

Ռոզա Դավթյանն էլ պնդում է, որ դպրոցի ամբողջ անձնակազմը, աշակերտներն ու ծնողները դուրս են եկել իր դեմ և կազմակերպված ցանկանում են ազատվել իրենից:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից էլ հայտնել են, որ որոշում է կայացվել դպրոցի տնօրենի պաշտոնակատարին աշխատանքից ազատելու և տնօրենի նոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ։