24/06/2025

Խաղաղության պայմանագիրը խաղաղություն կբերի, թե՝ հուժկու պատերազմ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելաուսովը, անդրադառնալով ՀԱՊԿ պատասխանատվության գոտու իրադրությանը, խոսել է նաև Հայաստանի մասին և նշել, որ Սյունիքի շուրջ լարվածությունը պահպանվում է:

Մի քանի օր առաջ հայ-ադրբեջանական հակամարտության բռնկման վտանգի մասին խոսել էր նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ասելով, որ ԱՄՆ ջանք է գործադրում հակամարտության բռնկում թույլ չտալու համար:

Բելաուսովն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրմանը: Այս առումով, իհարկե, չկա ոչ մի օրիգինալ դիրքորոշում: Բոլորը խոսում են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմանը նպաստելու և խաղաղությանը աջակցելու մասին, բայց միևնույն ժամանակ փաստորեն արձանագրում են լարվածության պահպանման, հակամարտության բռնկման ռիսկի մասին:

Սակայն հարց է առաջանում, թե արդյո՞ք պայմանագրի չստորագրվածությունն է ռիսկի աղբյուրը:

Որքան հայտնի է, խաղաղության պայմանագիրը չի տալիս բոլոր վիճելի հարցերի և անհամաձայնությունների պատասխանը: Օրինակ, նախորդ տարի հայտարարվեց, որ դրանից դուրս է բերվել ճանապարհների հարցը: Իսկ Սյունիքի առումով, օրինակ, թերևս հենց այդ հարցն է առանցքայինը:

Ավելին, հենց դրանով է նաև պայմանավորված Սյունիքի հանդեպ ոչ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի, այլ Կովկասով հետաքրքրված բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների ուշադրությունը:

Եթե ճանապարհների հարցը անջատված է խաղաղության պայմանագրից, ապա դրա ստորագրումը հազիվ թե ապահովի լարվածության պատճառների չեզոքացում:

Ավելին, բացառել պետք չէ այն, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ճանապարհների հարցում աշխարհաքաղաքական մանիպուլյացիաները մտնեն նոր փուլ, հետևաբար առաջացնեն լարվածության նոր առիթներ:

Սա հասկանալու համար է կարևոր, թե ինչ մոտեցումներ են սեղանին և ինչ քննարկումներ են ընթանում տրանսպորտային հաղորդակցության հեռանկարի վերաբերյալ: Իսկ դրանք այս փուլում նկատելի ակտիվ են, հատկապես եվրոպական նախաձեռնողականության տեսքով: