24/06/2025

Ինչ նոր դավադրություն է հյուսվել Մոսկվայի և Անկարայի միջև՝ Ադրբեջանի կողմից ՀՀ վրա հարձակման համար

Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը ՏԱՍՍ-ի թղթակցի հարցմանն ի պատասխան հաստատել է, որ մոսկովյան այցի ընթացքում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն իր հետ հանդիպում է ունեցել:

«Չէ՞ որ մենք երկարամյա հարաբերություններ ունենք, քանի որ երկար-երկար տարիներ նա գլխավորել է Թուրքիայի հետախուզական ծառայությունը: Նա շատ լավ, խորագիտակ և պրոֆեսիոնալ գործընկեր է, որ աշխատանքի մեծ փորձ ունի: Այնպես որ ինձ հաճելի էր նրա հետ հանդիպել, թեև նա արդեն արտաքին գործերի նախարարի պաշտոնում է, ես կարծում եմ՝ այդ հանդիպումը նաև նրան էր հաճելի»,- ասել է Նարիշկինը:

Իսկ ահա հարցին, թե ի՞նչ քննարկումներ են ունեցել, Նարիշկինը հակիրճ պատասխանել է. «Մենք անդրադարձել ենք երկկողմ հարաբերություններին»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը Մոսկվայում է գտնվել մայիսի 26-27-ին, նա առաքելությունն սկսել է ՌԴ նախագահի օգնական, Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների ռուսաստանյան պատվիրակության ղեկավար Մեդինսկու հետ հանդիպումից, ապա նրան Կրեմլում ընդունել է Վլադիմիր Պուտինը, որից հետո կայացել է Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի մասին տեղեկատվությունը չափազանց սուղ է:

Հայտնի է միայն, որ Սերգեյ Լավրովն ուկրաինական կողմի հետ բանակցությունների հարթակ վերստին նախընտրել է Ստամբուլը, որտեղ Ռուսաստանի «համար ամեն ինչ լավ է»:

Ֆիդանի Մոսկվա այցից մեկ օր առաջ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Սիգիբային և վերահաստատել, որ Ադրբեջանը շարունակում է լիովին աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել:

Ընդսմին, Ուկրաինայի արտգործնախարարը բացահայտել է, որ անցած ձմռան էներգետիկ դժվարությունները հաղթահարվել են նաև Ադրբեջանի աջակցությամբ: Մոսկվայում Սիգիբայի Բաքու այցը չի կարող սրված ուշադրության չարժանանալ:

Այս առումով բավական ուշագրավ է, որ Վլադիմիր Պուտինի և Սերգեյ Լավրովի, ինչպես նաև ԱՀԾ տնօրեն Նարիշկինի հետ հանդիպումներից հետո Ֆիդանը չի ներգրավվել Թուրքիայի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում, որ մայիսի 28-ին այցելել է Ադրբեջան:

Կարելի է ենթադրել, որ Մոսկվան Ֆիդանի միջոցով Ալիևին ասելիք չի ունեցել կամ Էրդողանը նախընտրել է ցույց տալ, որ Բաքվի որոշումների վրա ազդեցությունը պահպանում է, ուստի Մոսկվա-Անկարա պայմանավորվածությունները կիրառելի են նաև ռուս-ադրբեջանական հարաբերություններում:

Թուրքիայի նախագահը և Պակիստանի վարչապետն Իլհամ Ալիևի հետ հանդիպել են Լաչինում, որտեղ Ադրբեջանի նախագահը հարկադրված է եղել Անկարային և Իսլամաբադին քառասունչորսօրյա պատերազմում աջակցության համար երախտագիտություն հայտնել: Մայիսի 10-ին նա Աղդամում հայտարարել է, որ «պատմական հաղթանակը» բացառապես Ադրբեջանի, նրա ժողովրդի ձեռքբերումն է:

Ռուսաստանի հետ Ալիևի հարաբերությունների սառնությունը Թուրքիան չի կարող չօգտագործել: Բայց եթե Մոսկվան Ալիևին ասելիք չունի, ապա ո՞րն է երաշխիքը, որ Բաքուն «անհարմար վիճակում» չի հայտնվի:

«Մենք բոլորս պարտավոր ենք համախմբել և թույլ չտալ, որ Պուտինը իջեցնի Ադրբեջանի ազատության դրոշը»,- մայիսի 28-ի առթիվ ֆեսյբուքյան գրառում է կատարել ադրբեջանցի վտարանդի լրագրող Միրկադիրքովը:

Մնում է հասկանալ, թե ինչ նոր դավադրություն է հյուսվել Մոսկվայի և Անկարայի միջև՝ Ադրբեջանի կողմից ՀՀ վրա հարձակման համար։