24/06/2025

Հիանալի արդյունք, որին պատրաստվել են 1,5 տարի. Զելենսկին մեկնաբանել է «սարդոստայն» գործողությունը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Ռուսաստանի դեմ իրականացված մի քանի համաժամանակյա գործողությունները, որոնք ստացել են «սարդոստայն» անունը:

ՌԴ ռազմական օդանավակայաններում ավելի քան 40 ռազմավարական ինքնաթիռի ոչնչացման գործողությունը նա որակել է «փայլուն արդյունք, որը կմնա պատմության գրքերում»։

«Հիանալի արդյունք։ Ուկրաինայի ինքնուրույն արդյունքը։ Մեկ տարի, վեց ամիս և ինը օր՝ պլանավորման սկզբից մինչև արդյունավետ իրականացում։ Սա է մեր ամենաերկարատև գործողությունը»,- նշել է Զելենսկին:

Նա հավելել է, որ մարդիկ, որոնք նախապատրաստել են այդ գործողությունը, ժամանակին դուրս են բերվել Ռուսաստանի տարածքից։

Նախագահը շնորհակալություն է հայտնել գեներալ Մալուկին՝ Ուկրաինայի հաջողության համար։ Հանրապետության անվտանգության ծառայությանը հանձնարարվել է հանրությանը տեղեկացնել գործողության այն մանրամասների ու արդյունքների մասին, որոնք ենթակա են հրապարակման։

«Ուկրաինան պաշտպանվում է և միանգամայն արդար է, որ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Ռուսաստանը հասկանա այս պատերազմն ավարտելու անհրաժեշտությունը։ Ռուսաստանն է այս պատերազմը սկսել, Ռուսաստանն էլ պետք է այն ավարտի»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Կիևը նաև հայտնել է, որ «Սարդոստայն» գործողության ընթացքում վնասվել է ՌԴ թևավոր հրթիռային կրիչների մեկ երրորդը 7 մլրդ դոլար ընդհանուր արժեքով: Գործողության ընթացքում խոցվել է ռուսական թևավոր հրթիռները տեղափոխող ավիացիոն միջոցների մոտ 34%-ը։

Ըստ ուկրաինական կողմի՝ իրականացված գործողությունը կրել է «Սարդոստայն» անվանումը: Այն մշակվել է շուրջ 1.5 տարի:

Ուկրաինական կողմին հաջողվել է անօդաչու թռչող սարքերը բեռնատարներով թաքցրած տեղափոխել Ռուսաստան՝ խոր թիկունքում գտնվող ավիաբազաների մոտ։ Այնուհետև դրանք հեռավար գործի են դրվել՝ թիրախավորելով ռուսական ավիացիան: Նշվում է, որ հիմնականում խոցվել են А-50, Ту-95 և Ту-22 М3 ինքնաթիռներ: