23/06/2025

Շատ արդարացի կլինի, եթե այդ մարդիկ հրաժարվեն իրենց քաղաքական իրավունքներից

Քաղաքացիների կողմից բանակում ծառայելը եւ երկրի պաշտպանությանը մասնակցելը ցանկացած պետության հանրապետական կարգերի ու ժողովրդավարության հիմքն են։ Սակայն շատ ուշ է արդեն, որպեսզի միայն հիմա՝ իր վայ-կառավարման յոթերորդ տարում, պետության տգետ ղեկավարն այդ մասին գիտելիք ձեռք բերի։

«Կրթվելը նորաձեւ է» նախընտրական շոուն նույնպես չի կարող օգնել, քանզի դրանում կրթվելու կարիք ունեցողները որպես կրթողներ են հանդես գալիս՝ չունենալով տարրական գիտելիքներ պետական կառավարման գործում, իսկ փորձառության հարցում ունենալով միայն պետականակործան պրակտիկա։

Եվ, այնուամենայնիվ, պետք է խոսվի բանակում քաղաքացիների պարտադիր ծառայության ու ժողովրդավարության ուղղակի կապի մասին, որպեսզի հանրությունը կարողանա ինչ-որ կերպ տապալել զինծառայության անցնելու կարգի մասին այն օրենքի կենսագործունեությունը, որը վերջին օրերին մեծ իրարանցում է առաջացրել գիտակից հանրության շրջանում։

Ինչպես անտիկ ժողովրդավարությունները, այնպես էլ ներկայումս հիմնական պետական կենսակերպ դարձած ժողովրդավարություններն իրենց հիմքում ունեն մի հարց՝ ովքե՞ր կարող են մասնակցել պետական կառավարմանը։ Այդ հարցին կյանքում ու նաեւ քաղաքագիտության մեջ տրվել է բանական մեկ պատասխան։

Այն է՝ միայն այն մարդիկ իրավունք ունեն մասնակցելու պետության կառավարմանը, ովքեր հանձնառություն են վերցնում պաշտպանելու պետությունը ու դառնալու նրա անվտանգության երաշխավորը։ Ի դեպ, պետական կառավարման պատմական մյուս ձեւերը նույնպես հիմնվում են վերոնշյալ հարցի այս կամ այն կերպ մեկնաբանման վրա։

Ֆրանսիական հեղափոխությունից հետո աշխարհում տարածում գտած տարբեր հանրապետություններում քաղաքացիները ձեռք բերեցին քաղաքական իրավունքներ՝ շնորհիվ այն կշռի, որն ի հայտ եկավ մարդկային մեծ զանգվածների կողմից զինվորական ծառայության անցնելու ու երկրի վարած պատերազմներին մասնակցելու պատճառով։

Արդեն 19-րդ դարի սկզբից Եվրոպայում զանգվածային մեծ բանակները դարձան պետությունների քաղաքական համակարգերը կանխորոշող երեւույթ։ Ի տարբերություն հպատակների, ովքեր չունեին «զենքի իրավունք» եւ միապետություններում ու ազնվապետություններում կատարում էին տնտեսական գործառույթներ, հանրապետություններում ինստիտուցիոնալ նոր լուծումը՝ քաղաքացիության ինստիտուտը, ժողովրդական լայն զանգվածներին օժտեց քաղաքական իրավունքներով։

Այսօր քաղաքացիների ընտրելու եւ ընտրվելու իրավունքները ուղղակիորեն կապված են քաղաքացիների՝ պետության պաշտպանությանը մասնակցելու պարտավորության հետ։ Ավելին՝ աշխարհում ներկայանալի մեծ ու փոքր պետություններն իրենց զարգացվածությանը հասել են ինքնապաշտպանության նպատակով օրենքով սահմանված կարգով քաղաքացիների՝ մարտական զենք ունենալու, պահելու, կրելու ու կիրառելու պատճառով։

Այդ «զենքի իրավունքը» նրանք ձեռք են բերում բանակում ծառայություն իրականացնելու միջոցով՝ միաժամանակ ձեռք բերելով քաղաքական իրավունքներ՝ ընտրությունների միջոցով մասնակցելու պետական կառավարմանը։

Այսօր մեզանում փորձ է կատարվում ոչ միայն օրինականացնել բանակաշինության գործում անկախ Հայաստանին ուղեկցած հանցավոր բարքերը, այլ նաեւ՝ ուղղակիորեն վերացնել պետության ժողովրդավարական հիմքերը։ Ընդ որում՝ ներկա վարչախմբի ձեռնարկած այդ գործընթացը պետք է դիտարկվի կառավարողների՝ զինվորական ծառայության հետ ունեցած կապի համատեքստում։

Բոլորին հայտնի է, որ ներկա կառավարողների գերակշիռ մեծամասնությունը բանակում չի ծառայել։ Այդ մարդիկ ապրել են զինվորական ծառայության նկատմամբ ունեցած վախերով։ Զինվորական ծառայությունը եւ երկրի պաշտպանությանը մասնակցությունը նրանց համար տաբու թեմա է, քանզի նման հարցի քննարկման ժամանակ ընդգծվում է պետական կառավարմանը մասնակցելու նրանց վաստակի (իրավունքի) բացակայությունը։

Ուստի այսօր փորձ է արվում արդարացնել պետական կառավարմանն իրենց մասնակցությունը զինվորական ծառայությունը դարձնելով առեւտրի առարկա։

Վերջում շատերի համար առաջին հայացքից մի տարօրինակ բան կարող եմ ասել։ Ես կողմ եմ որպեսզի այն մարդիկ (կամ՝ իրենց զավակները) ովքեր չեն ուզում զինվորական ծառայության անցնել ՀՀ զինված ուժերում ու մասնակցել պետության պաշտպանությանը՝ մեր պետության բանակաշինության գործում ֆինանսական ներդրում կատարելով ազատվեն զինծառայությունից։

Բայց կողմ եմ մի էական պայմանով՝ եթե այդ մարդիկ հրաժարվեն իրենց քաղաքական իրավունքներից։ Դա շատ արդարացի կլինի եւ ոչ ոք չի կարողանա բողոքել, թե ինչու այդ մարդիկ չեն մասնակցում երկրի պաշտպանությանը։

Միայն այդ դեպքում շատ նորմալ կդիտվի, թե ինչու որոշ խումբ քաղաքացիներ չունեն երկրի կառավարմանը մասնակցելու իրավունք, չունեն ընտրելու եւ ընտրվելու իրավունքներ։ Շատ անկեղծ պարզ կդառնա, որ այդ մարդիկ պետության մեջ իրենց տեսնում են որպես միայն տնտեսական գործառույթ իրականացնողներ եւ կամավորապես ու գիտակցված հրաժարվում են իրենց քաղաքական իրավունքներից։

Դա հենց այն ողջամիտ լուծումը կլինի, որը կբավարարի բոլոր կողմերին։ Այլ դեպքերում ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում են ընդմիշտ կառավարել այն մարդիկ ու նրանց զավակները, ովքեր ունեն ֆինանսներ եւ չունեն պարտավարություն պետության պաշտպանությանն անձամբ մասնակցելու գործում։

Սարո Սարոյան