01/07/2026

EU – Armenia

Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը՝ խթանելու հայ-էստոնական տնտեսական համագործակցության զարգացումը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են աշխատանքները միջազգային գործընկերների հետ՝ հայկական արտադրանքի՝ դեպի միջազգային, այդ թվում՝ ԵՄ շուկաներ արտահանման ուղղությունների զարգացման և այդ շուկաներում ներկայացվածության խթանման ուղղությամբ։

Այս մասին տեղեկացնում են Էստոնիայում ՀՀ դեսպանությունից:

«Այդ նպատակով հուլիսի 3–4-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում՝ Kultuurikatel մշակութային կենտրոնում, կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը, որին ներկայացված կլինեն շուրջ 50 հայկական արտադրողներ։

Միջոցառմանը կներկայացվի հայկական արտադրանքի լայն տեսականի՝ բարձրորակ սննդամթերք, գինիներ և այլ ալկոհոլային խմիչքներ, պահածոներ, օրգանական գյուղատնտեսական արտադրանք, տեքստիլ, կաշվե իրեր և ձեռագործ աշխատանքներ։

Ցուցահանդեսը, որը կազմակերպվում է Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Էստոնիայում ՀՀ պատվավոր հյուպատոսի նախաձեռնությամբ՝ Dvin էստոնահայ համայնքի հետ համատեղ և տեղում Էստոնիայի ԱԳՆ գործուն աջակցությամբ, բաց է գործարար համայնքի, համապատասխան ոլորտների ներկայացուցիչների, ինչպես նաև հայկական արտադրանքով և Հայաստանի արտահանման ներուժով հետաքրքրված բոլոր այցելուների համար։

Հրավիրու՛մ ենք մասնակցելու տոնավաճառին։

Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունները կշարունակեն տնտեսական ու գործարար կապերի բազմազանեցմանն ուղղված նախաձեռնություններին աջակցող քաղաքականությունը»,- ասվում է հաղորդագրությունում։