Վերջին օրերին Հայաստանի արտաքին պարտքի թեման դարձել է քաղաքական ակտիվ քննարկումների առարկա։
Մասնավորապես, Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը հունիսի 18-ի ԱԺ հերթական նիստին հայտարարել էր, թե իշխանությունները կրկնապատկել են երկրի արտաքին պարտքը: Ի պատասխան, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշել էր, թե արտաքին պարտքը 2018 թ․-ին եղել է 5․5 մլրդ դոլար, իսկ 2024 թ․-ի վերջին եղել է 6․27 մլրդ դոլար: «Այսինքն, անգամ մեկ ու կես անգամ չի ավելացել»,- նշել էր Թունյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել էր՝ «պետական պարտք գոյություն ունի, որի մի մասը արտաքին պարտքն է, մյուս մասը ներքինն է: Ներքին պարտքը մեր բոլորի գումարներով, բանկերում դրած ավանդներով պետությունը այդ պարտքերը գնում է, սա լինում է ներքին պարտք, դրանք հավասար են, մոտավոր թվեր եմ ասում, 6 մլրդ ներքին պարտքն է, 6 մլրդ արտաքին պարտք: Արտաքին պարտքը 18 թվականին եղել է 5․5 մլրդ, այսինքն արտաքին պարտքը ընդամենը 500 մլն-ով է ավելացել»:
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է այս հայտարարությունները և պարզել, որ դրանք մեծամասամբ սխալ են կամ չափազանցված:
Այսպես, 2018 թվականին Հայաստանի արտաքին պարտքը կազմել է 5․5 մլրդ դոլար: 2024 թվականի տարեվերջին այն կազմում էր 6․4 մլրդ դոլար, իսկ 2025 թ․ մայիսի դրությամբ՝ 6․9 մլրդ դոլար: Այսպիսով, 2018-2024 թվականներին աճը կազմել էր 918 միլիոն դոլար (16.6%), իսկ 2018-2025 թվականներին՝ 1.453 միլիարդ դոլար (26%):
Հետևաբար, Կյուրեղյանի «կրկնապատկում» ձևակերպումը չափազանցված է: Իսկ Սերգեյ Բագրատյանի պնդումը՝ 500 միլիոն դոլար աճի մասին, սխալ է, քանի որ իրական աճը 2018-2024 թվականներին 918 միլիոն դոլար է կազմել:
Ինչ վերաբերում է Թունյանի պնդմանը, որ արտաքին պարտքը անգամ մեկ ու կես անգամ չի ավելացել, հիմնականում ճշգրիտ է, թեև նա մի փոքր թերագնահատել է 2024 թվականի արտաքին պարտքի չափը:
Այսպիսով, Արմենուհի Կյուրեղյանի «կրկնապատկում» ձևակերպումը փաստացի զգալիորեն չափազանցված է։ Իսկ Սերգեյ Բագրատյանի պնդումը, թե արտաքին պարտքը «ընդամենը 500 մլն-ով է ավելացել», թերագնահատում է իրական աճը (որը մոտ 918 մլն է 2018-2024 թվականների համար և 1453 մլն դոլար՝ 2018-2025 թվականների համար)։
Սյուզաննա Համբարձումյան






Բաց մի թողեք
Ինչու ինքնաթիռները չէին կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում
Հայ գործարարների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին․ Ով դու, առաջնորդներից մեծագույնը, առաջնորդների առաջնորդը, խաղաղության խաչասերում ․․․
Ճանապարհ բացելու այս PR-ի պատճառով Ռուսաստանը բարձրացրել է ՀՀ-ին մատակարարվող ցորենի գինը