Ողջ հանրային-քաղաքական դաշտը եւ ԶԼՄ-ները կենտրոնացել են մեկ հարցի շուրջ՝ գալիք համապետական ընտրությունների արդյունքում ով է լինելու Հայաստանի հաջորդ վարչապետը: Ոչ թե իշխանությունը, կառավարությունը, Ազգային ժողովը, նախագահը, այլ՝ վարչապետը:
Սա խոսում է քաղաքական համակարգի «հիվանդության», ոչ հասուն կամ ուղղորդված քաղաքացիական հասարակության եւ մեծավմասամբ ապատեղեկացված ընտրողի թյուր պատկերացումների մասին:
ՀՀ Սահմանադրության 146 հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է», ուշադրություն դարձրեք՝ ոչ թե վարչապետը, այլ՝ կառավարությունը: Իսկ 147-րդ հոդվածի 1-ին կետում ասվում է. «Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից»:
Բայց հանրային հիշողությունը ենթագիտակցորեն առաջնորդվում է «Կառավարությունը ես եմ» փաշինյանական մոդելով: Ավելի վաղ՝ «թավշյա ապոկալիպսիսի» մեկնարկի ժամանակ, նույն անձը բղավում էր. «Կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետը, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»:
Այո´, ամբոխավարության մթնոլորտում նման էմոցիոնալ պոռթկումները թռցնում էին տաք կարկանդակների պես, ավելին՝ կուլ տալիս եւ մարսում շատ արագ:
Մեր չարչրկված Սահմանադրության 88-րդ հոդվածի 1-ին կետով՝ «Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է, որը տնօրինում է օրենսդիր իշխանությունը եւ վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն» եւ այլն:
Այսինքն՝ ժողովրդի ներկայացուցիչը ոչ թե վարչապետն է, այլ՝ Ազգային ժողովը, որպես հավաքական մարմին, որն ունի հստակ վերահսկողական գործառույթներ ե՛ւ կառավարության, ե՛ւ վարչապետի, այսինքն՝ «ինքնահռչակ կառավարության» նկատմամբ:
Ըստ Սահմանադրության՝ վարչապետը կառավարության մաս է, նա ո՛չ գլուխ է, ո՛չ էլ «մեր երկրի ղեկավարը», ինչպես նրան բնութագրեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Դավոսում Իլհամ Ալիեւին շնորհակալություն հայտնելու ժամանակ: Իրականում հենց ի՛նքն է «պետության գլուխը» (ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի 1-ին կետ` «Հանրապետության նախագահը պետության գլուխն է»), եւ իր հիմնական գործառույթներից է՝ «հետեւել սահմանադրության պահպանմանը» (հոդված 123, կետ 2):
Որքան էլ որ գործող վարչապետն իրեն փորձում է վերագրել օրենսդիրի, գործադիրի, դատականի եւ անգամ Վեհափառ հայրապետի հոգեւոր լիազորությունները (չհաշված պատմական կերպարների հետ զուգահեռներ տանելը՝ Պապ թագավորից մինչեւ Տրդատ Երրորդ), սահմանադրաիրավական դիտանկյունից նա ընդամենը կառավարության մենեջերն է եւ ուրիշ ոչինչ:
Այսինքն՝ երբ նա թավշյա էյֆորիայի մեջ հայտարարում էր՝ «դուք՝ բոլորդ վարչապետ եք», հավանաբար, մտքում իրեն վերապահում էր «վարչապետների վարչապետ» տիտղոսը: Ըստ այդմ, մենք պետք է մեր հանրությանը վերադարձնենք քաղաքական իրատեսության դաշտ, որպեսզի մեր ժողովուրդը գիտակցի, որ պետությունը պտտվում է ոչ թե անհատի, այլ օրենքի գերակայության առանցքի շուրջ:
«Սուպերվարչապետության» ոչ լեգալ ինստիտուտը, որն իր մեջ փաստացի եւ բռնի կերպով ներառում է իշխանության բոլոր թեւերն ու ճյուղերը, հիմնված է կուսակցական-չինովնիկական համակարգի վրա: Վերջինս գործում է վերադասի նկատմամբ անվերապահ հավատարմության եւ, որոշ դեպքերում, կույր ստրկամտության սկզբունքով:
Կազմաքանդված պետական եւ համայնքային ինստիտուտների բարձրաստիճան պաշտոնյաների մի ստվար զանգված գործում է «ասեք՝ կանենք» կամ «պարգեւավճար տվեք՝ կդավանափոխվենք» նյութապաշտական հանձնառությամբ:
Փաշինյանական կադրային քաղաքականությունը 2018-2026 թթ. ընթացքում բովանդակային իմաստով անփոփոխ է, այսինքն՝ անբովանդակ է: Նրա բոլոր ընտրյալները քաղաքական իմաստով համապատասխանել են Tabula-rasa-ի (մաքուր տախտակ) չափորոշիչներին: Նրանց հիմնական խնդիրը դեկորատիվ ներկայության ապահովումն է եւ ճիշտ պահին կոճակի սեղմումը:
Անփորձությունը, դասալքությունը, դատարկամտությունը, անպատկառությունը, ցինիզմը, կոսմոպոլիտիզմը, հուդայականությունը, թեթեւաբարո կեցվածքը, խոնարհման ճապոնական ծիսակարգը եւ սողալու հմտությունն այն «առաքինություններն» էին, որոնք ձեւավորեցին նոր էլիտայի քաղաքական դիմապատկերը:
Մեր պառակտված հասարակությունն էլ շարունակում է իշխանական քարոզչական մատրիցայում մասնակցել հների եւ նորերի «իմիտացիոն» պայքարին: Մինչդեռ իրական պայքարը պետք է արտահայտվեր սոցիալական արդարության, հավասար իրավունքների եւ օրենքի գերակայության պաշտպանության շուրջ:
Պետք է արձանագրել, որ իշխանությունները պարտվել են թշնամուն, բայց հաղթել են ներսում ընդդիմությանը եւ սեփական ժողովրդին: Ինչպե՞ս: «Մենք կորոշենք, թե ինչպես ձեր կենսաթոշակները ծախսեք, մենք իրավունք ունենք մտնելու ձեր ընտանեկան բյուջե, դուք չեք որոշում՝ թուրքը որտեղ է ապրելու»․ այսպիսի բովանդակությամբ ուղերձները խոսում են հաստատված ավտորիտար վարչակարգի մասին:
Ավելին, այս գործընթացը սահուն կերպով շարժվում է դեպի տոտալիտարիզմ, որը բնորոշ էր հիտլերյան Գերմանիային եւ ստալինյան Ռուսաստանին: Իշխանության նման հակումները լավագույնս արտահայտվում են Հայ առաքելական եկեղեցու դեմ մղված հիբրիդային պատերազմում, որի վերջին շտրիխը կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ քրեական գործի հարուցումն էր:
Հետեւաբար, գալիք համապետական ընտրություններին մենք պետք է ընտրենք ոչ թե անհատի, այլ՝ քաղաքական այնպիսի թիմի, որն ի զորու է ստանձնելու հավաքական պատասխանատվություն մեր պետության, Եկեղեցու եւ ազգի առջեւ:
Արեգ Սավգուլյան

Բաց մի թողեք
Որոշների համար Արթուր Օսիպյանի հարցով «լռության օրը» սկսվել էր 18 օր առաջ. Կարապետյանց
Ո՞ր ընտրախախտումներին ուշադրություն դարձնել վաղը. Փաստաբան Տաթևիկ Սողոյանը մանրամասնում է․ Տեսանյութ
Լռության օրը քաղաքական ուժերը լռում են, բայց խոսում են քննչական մարմինները