07/05/2026

EU – Armenia

Չի բացառվում, որ էլի անձինք լինեն, որոնց ազատությունից զրկելու միջնորդություններ կունենանք. Վարդապետյան

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը չի բացառել, որ հետագայում Ազգային ժողով կարող են ներկայացվել նոր միջնորդություններ այլ անձանց մեղադրանքներին վերաբերող և ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցների ընտրությանն ահաբեկչության և իշխանության զավթում նախապատրաստելու քրեական վարույթի շրջանակներում։

Այս մասին նա հայտարարեց խորհրդարանում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հարցին՝ կապված պատգամավոր Արթուր Սարգսյանի վերաբերյալ ներկայացված միջնորդության և նախաքննության շրջանակում շրջանառվող այլ անունների հետ։

«Եթե վարույթի շրջանակում կպարզվի որևէ անձի մասնակցություն նման տեսակի գործողությանը, Դատախազությունն օր առաջ գալու է Ազգային ժողով։ Խնդրում եմ կանխատեսական դատողություններ չանել։ Քննությունը շատ ինտենսիվ է ընթանում, մեծ խումբ է աշխատում քննչական և դատախազական մարմիններում։ Չի բացառվում, որ էլի անձինք լինեն, որոնց վերաբերյալ մեղադրանքներ և ազատությունից զրկելու միջնորդություններ կունենանք»,- ասաց Վարդապետյանը։

Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Արթուր Սարգսյանի վերաբերյալ ներկայացված միջնորդության մեջ վերջին ձայնագրությունը վերաբերում է 2025թ․ հունիսի 20-ին տեղի ունեցած խոսակցությանը, որի բովանդակությունը, ըստ նրա, վկայում է շարունակվող և դեռ չավարտված կազմակերպված գործընթացի մասին։ Նա նշեց, որ ձայնագրություններում հիշատակվում են նաև այլ պատգամավորներ՝ այդ թվում՝ Իշխան Սաղաթելյանը և Գառնիկ Դանիելյանը։ Հովհաննիսյանի խոսքով՝ անհրաժեշտ է բացահայտել ամբողջ շղթան։

«Մեր քաղաքացիները պետք է վստահություն ունենան, որ նախապատրաստվող ահաբեկչական ակտի բոլոր մասնակիցները պետք է օրենքի առջև պատասխանատվության ենթարկվեն։ Սա շատ լուրջ հանցավոր խումբ է լուրջ ղեկավարներով։ Կարծում եմ՝ ամբողջ շղթան պետք է բացահայտվի»,- ընդգծեց նա։

Գլխավոր դատախազը ևս վստահեցրեց, որ Դատախազությունը չի համարում, թե գործը բացահայտված է, քանի դեռ չկան մեղադրանքներ, դատարան ուղարկված վարույթ և դատական ակտ։

«Շատ մանրակրկիտ օպերատիվ-հետախուզական աշխատանք է իրականացվել տևական ժամանակահատվածում։ Բայց քննությունը հենվելու է ոչ միայն օպերատիվ տվյալների, այլև քննչական գործողությունների, հարցաքննությունների, փորձաքննությունների վրա։ Միայն դրանից հետո կլինեն դատավարական փաստաթղթեր։ Խոստումներ տալը Դատախազության գործառույթը չէ, բայց կարող եմ ասել, որ գործը մեկ անձի տիրույթում չէ, և աշխատում է փորձառու քննչական և դատախազական խումբ»,- ասաց նա։

Գալստանյանի ղեկավարած «Սրբազան պայքար» շարժման շրջանակում 2024թ. հուլիսից մինչև 2025թ. մարտ իրականացվել են ահաբեկչություն և իշխանության յուրացում նախապատրաստելու գործողություններ։ Գլխավոր դատախազը հայտարարել է, որ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանը եղել է այդ ծրագրի ակտիվ մասնակիցներից մեկը՝ ներգրավվելով պայթուցիկ նյութերի ձեռքբերման, խմբերի հավաքագրման և այլ նախապատրաստական քայլերի մեջ։

Քննչական մարմինները բացահայտել են հանցավոր խմբի կողմից հավաքագրված հարվածային խմբեր, պատրաստված հազարավոր հրավտանգ միջոցներ, Երևանի քարտեզներով գործողությունների պլանավորում, ինչպես նաև քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու և հանրային իշխանությունը կազմալուծելու փորձեր։ Վարդապետյանը պարզաբանել է, որ այս փուլում քրեական հետապնդում հարուցելու համար բավարար ապացույցներ են ձեռք բերվել միայն Արթուր Սարգսյանի մասով, և ըստ ընթացակարգի՝ միջնորդությունը ներկայացվել է Ազգային ժողով։

Սարգսյանը հայտարարել է, որ չի ընդունում իրեն վերագրվող մեղադրանքը։