11/07/2025

Էջմիածնի նախկին քաղաքապետը հարցաքննվել է. Գասպարյանի ընտանիքի շուրջ գործընթացներ կսկսվեն

Բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել եւ հարցաքննվել Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մայիսի 15-ին Էջմիածնի ՔՊ-ական քաղաքապետ Դիանա Գասպարյանը հայտնեց, որ հրաժարական է տալիս։ Կուսակիցները նրա հրաժարականի պատճառների մասին մինչեւ օրս չեն խոսում՝ նշելով, որ Գասպարյանի ներկայացրած պարզաբանումներին ավելացնելու ոչինչ չունեն:

37-ամյա Դիանա Գասպարյանը, որի ընտանիքի անդամները նրա պաշտոնավարման ընթացքում աղմկահարույց տարբեր պատմություններում էին հայտնվել, որոշեց հրաժարական տալ՝ պատճառաբանելով, թե 7 տարվա պաշտոնավարումից հետո որոշել է ժամանակն այսուհետեւ նվիրել ընտանիքին:

Մինչ քաղաքապետ Գասպարյանը հրաժարականի պատճառների մասին է խոսում, Հակակոռուպցիոն կոմիտեն գործի է անցել, ու առաջիկայում Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ընտանիքի շուրջ աղմկահարույց գործընթացներ են սկսվելու։

Իսկ ինչ գործընթացների ու մեղադրանքների մասին է խոսքը, եւ առհասարակ ինչ վարույթով է Հակակոռուպցիոն կոմիտեն մտնում Գասպարյանի տուն։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2024 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ուսումնասիրելով «Հետք»-ի՝ «Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել» վերնագրով հոդվածը, նյութերն ուղարկել է Գլխավոր դատախազություն, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ: Գլխավոր դատախազությունից հաստատել էին քրեական վարույթ նախաձեռնելու փաստը եւ հայտնել, որ այն միացվել է «Հետք»-ի նույն հրապարակման հիման վրա ավելի վաղ հարուցված վարույթին:

Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում է քննվում պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաեւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ տվյալները թաքցնելու դրվագներով նախաձեռնված քրեական վարույթը»։