16/10/2025

Մեհրիբան Ալիևայի իշխանատենչությունը և Իլհամ Ալիևի նկատմամբ Փաշաևների մեծ ազդեցությունը

Ադրբեջանի Միլլի մեջլիսը հրավիրել է արտահերթ նիստ, որի օրակարգի առաջին հարցը ««Պաշտպանության մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծն է:

Այն քննարկվում է երրորդ և վերջնական ընթերցման ռեժիմում և, ամենայն հավանականությամբ, կընդունվի և կվավերցվի Իլհամ Ալիևի կողմից: Բաքվի մամուլն առայժմ փոփոխությունների բնույթի և ծավալի մասին տեղեկություն չի հայտնում:

Ուշագրավ է, որ նույն օրը Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության հայտնի դեմքերից Գանիմադ Զահիդովը, որ Ադրբեջանի ժողովրդական ճակատի «Ազադլիգ/Ազատություն» թերթի գլխավոր խմբագիրն է, ֆեյսբուքի անձնական էջում սենսացիոն գրառում է կատարել:

Ըստ այդմ, նա Ադրբեջանի պաշտպանության նախարարության աշխատակից մի գնդապետից whatsapp-ով գրություն է ստացել, որ մոտակա օրերին ռազմական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովը «վաստակած հանգստի կանցնի»:

Գնդապետը, որի ինքնությունը Զահիդովը «հասկանալի պատճառներով չի կարող բացահայտել», որ Հասանովը «շատ տխուր է, մոլոր քայլերով շրջում է ՊՆ մասնաշենքի միջանցքներում, իսկ ԶՈՒ ԳՇ պետ Քերիմ Վելիևը պարզապես տեղը չի գտնում»:

Բանն այն է, որ, համաձայն տարածված լուրերի, Իլհամ Ալիևը «պատրաստվում է պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել քաղաքացիական անձի»:

Խոսքը վերաբերում է Սալիմ Գուրբանովին: Նա ծնվել է 1986 թվականի օգոստոսի 15-ին: Բարձրագույն կրթությամբ տնտեսագետ է , 2015-2019 թվականներին զբաղեցրել է Pasha Holding ՍՊԸ-ի ներդրումների գծով տնօրենի պաշտոնը, այնուհետև նշանակվել Սումգայիթի տեխնոլոգիական պարկի կառավարման խորհրդի նախագահ:

2022 թվականի սեպտեմբերի 12-ին ստանձնել է պաշտպանության նախարարի ռազմատեխնիկական մատակարարումների գծով տեղակալ, իսկ 2023 թվականի հուլիսի 13-ից հանդիսանում է փոխնախարար-գլխավոր քարտուղար:

Որ Ադրբեջանում նույնպես կարող են կառուցվածքային փոփոխություններ իրականցվել, Գլխավոր շտաբը ՊՆ ենթակայությունից հանել և ռազմական գերատեսչության ղեկավար նշանակել քաղաքացիական անձի՝ արտառոց չէ:

Զաքիր Հասանովի պաշտոնանկության մասին լուրերն էլ նորություն չեն, նա հասել է օրենքով սահմանված զինվորական ծառայության տարիքային շեմին, երբեք աչքի չի ընկել որպես ռազմական գործիչ, մնացել է ներքին զորքերի հրամանատարի մակարդակի, բարձրագույն կրթություն ստացել է Ռուսաստանում, և նրան «պատվավոր հանգստի ուղարկելու բոլոր հիմքերը, թերևս, առկա են:

Գանիմեդ Զահիդովի հայտնած տեղեկության սենսացիան նրանում է, որ Իլհամ Ալիևը պատրաստվում է պաշտպանության նախարարի պաշտոնը վստահել մի բավական երիտասարդ տնտեսագետի, որ աշխատանքային կարիերան սկսել է Pasha Holding ՍՊԸ-ում:

Իսկ դա Մեհրիբան Ալիևայի հոր՝ Արիֆ Փաշաևի, բիզնես-կայսրությունն է, որի բաժնեմասերի երկու երրորդը նա կտակել է թոռներին՝ Իլհամ Ալիևի երեք զավակներին, մեկ երրորդը՝ երկրորդ դստերը՝ Նարգիզ Փաշաևային:

Իրականում ստացվում է, որ Մեհրիբան Ալիևան «գրավում է» պաշտպանության նախարարությունը: Փաշաևները տոհմական ծագումով Իրանից են: Արիֆ և Հաֆեզ Փաշաև եղբայրները թեև նախնական բարձրագույն կրթություն են ստացել Բաքվում, բայց հետագա գիտական գործունեությամբ սերտորեն կապված են Մոսկվային:

Հաֆեզ Փաշաևը տևական ժամանակ նույնիսկ աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Միջուկային ֆիզիկայի ինստիտուտում: Ներկայումս ADA համալսարանի ռեկտորն է, իսկ Մեհրիբան Ալիևայի քույրը՝ Նարգիզ Փաշաևան Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի Բաքվի մասնաճյուղի ռեկտորն է:

Ռուս-ադրբեջանական առերեւույթ լարվածության ֆոնին Փաշաևնների ընտանեկան կլանի սանին Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելը քաղաքական առումով Մոսկվային ուղղված բարեկամական լուրջ ազդակ կլինի:

Մանավանդ եթե նկատի ունենանք, որ վերջին մեկ-երկու ամիսներին ԶՈՒ ԳՇ պետ Քերիմ Վելիևը մի քանի անգամ այցելել է Թուրքիա, իսկ տառացիորեն մի քանի օր առաջ՝ Սաուդյան Արաբիա:

Անշուշտ, ոչ մի երաշխիք չկա, որ Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության ներկայացուցիչ Զահիդովը չի հնարել ՊՆ գնդապետի կողմից իրեն ուղարկված գրության պատմությունը:

Բայց եթե նրա ասածն անգամ «տեղեկատվական սադրանք» է, ապա, միևնույն է, դա վկայում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխության թեման Բաքվում քննարկվում է:

Ինչ վերաբերում է Մեհրիբան Ալիևայի իշխանատենչությանը և Իլհամ Ալիևի նկատմամբ Փաշաևների մեծ ազդեցությունը, ապա դա Ադրբեջանում հայտնի իրողություն է: