28/07/2025

Արդ, մի՛ տարածեք թունավոր խոսքեր ու մտքեր, անե՛ղծ պահեցեք մեր հավատավոր ազգի հոգեմտավոր ներաշխարհը. Հայր Ասողիկ

Սիրելի լրագրողներ,

Ամենևին կարիք չկա հայտնի ցնորաբանությունները (մորոսաբանություն) տարածելու, ավելին՝ դրանց վերաբերյալ մեկնաբանություններ ակնկալելու հոգևոր սպասավորներից և ուղղամիտ հավատացյալներից:

Այդպես վարվելով, կամա թե ակամա, ջուր է լցվում օտարների (աշխարհիկ ու կրոնական) ջրաղացին, որոնք ընդդեմ Հայոց Եկեղեցու իրականացնում են կազմակերպված պայքար:

Սուրբ Եկեղեցու դեմ սանձազերծված այս պայքարը տիրել է ողջ աշխարհին. նպատակը մեկն է՝ ճշմարիտ և սուրբ հավատքի խորտակում, ազգային-եկեղեցական ինքնիշխանության վերացում, ազգային-եկեղեցական ընտանիքների քայքայում, որպեսզի այդպես ձևավորվի դերաքրիստոսին ծառայող անբան, անինքնություն և անզգամ մոլորյալների զանգված…

Հայոց Եկեղեցին ի սկզբանե գիտե այդ մասին և դարերի հոլովույթում հերոսաբար հաղթահարել է նմանատիպ հարձակումներն ու բռնաճնշումները:

Արդ, մի՛ տարածեք թունավոր խոսքեր ու մտքեր, անե՛ղծ պահեցեք մեր հավատավոր ազգի հոգեմտավոր ներաշխարհը:

Երևելի ու աներևույթ թշնամին՝ իր չար արբանյակներով ու կամակատարներով, ամեն կերպ նկրտում է թշնամություն ցանելով՝ հայ հասարակության միջից արմատախիլ անել սերն ու միասնությունը:

Իսկ Հայոց Եկեղեցին և ուխտապահ հայ հոգևորականը հենց այդ սիրո և միության թթխմորն են եղել, կան և կլինեն ցկատարած աշխարհի:

Սեր և միություն, լույս և խաղաղություն մեր սիրելի Ազգին և Հայրենի երկրին:
Աստված մեզ օգնական:

Հայր Ասողիկ Կարապետյան

Այլևս անիմաստ և տհաճ է հերձված սերմանող անձի` տվյալ դեպքում ՀՀ ոչ բարով «եկեղեցասեր» կառավարչի խոսքերը լսել և նույնիսկ մեկնաբանել, հայտնել է Պողոս վարդապետ Վարդանյանը։

«Կասեմ միայն մի բան` հարձակում Եկեղեցու և Նրա Գահակալի` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Շինարար Հայրապետի վրա` հարձակում է ողջ հոգևոր դասի և նվիրյալ հավատավոր հայորդիների վրա: Եվ մենք աներեր ու անսասան, անվախ կանգուն ենք մեր Սրբությունների, արժեքների և Հայոց Հայրապետի շուրջը` ունենալով մեզ ապավեն Տեր Հիսուս Քրիստոսին:

Չփորձեք ձեր ճղճիմ, փոքրոգի, անաստված տեսակով բախվել ժայռին, փշրվելու եք:

Տերը մեզ բոլորիս օգնական: Միասնական ու համախումբ պահի Ազգիս Հայոց»,- ասել է Հայր Պողոսը։

Ռուբեն վարդապետ Զարգարյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե ինչպես Հայաստանը Սերժ Սարգսյանից ազատեցին, այդպես էլ՝ Վեհարանն են ազատելու։

«Հայաստանը Սերժ Սարգսյանից ազատելուց հետո լիկվիդացրիր Արցախը, զոհաբերեցիր 5000 կյանք, տնավեր սարքեցիր 150000 արցախցիների, Վեհարանն ազատելուց հետո ի՞նչն ես ուզում լիկվիդացնել, քանի՞ հոգու ես ուզում զոհաբերել, ի՞նչ մասշտաբի տնավերություն ես ուզում գործել»։

Սերժ Սարգսյանից ազատելուց հետո լիկվիդացրիր Արցախը, Վեհարանն ազատելուց հետո ի՞նչն ես ուզում լիկվիդացնել