ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը եռօրյա այցով Սյունիքի մարզում է, տարբեր հանդիպումներ է ունենում սյունեցի ղեկավարների հետ և գործող կառավարության տեսլականներն ու գաղափարները ներկայացնում նրանց։
Ի՞նչ առաքելությամբ է Փաշինյանը նրան գործուղել Սյունիք, քանզի այսպես կոչված նախագահը այդ պաշտոնը զբաղեցնում է, կարծես, միայն արտասահմանյան այցեր կատարելու համար:
Հետևելով պաշտոնական լրահոսին` հասկանում ենք, թե որն էր այդ առաքելությունը: Այդպես, երեկ Սյունիքի մարզպետի ու տարբեր համայնքապետերի ներկայությամբ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է` Սյունիքը Հայաստանի հետագա զարգացման դարպասն է դառնալու։
«Եթե մենք կարողանում ենք Սյունիքի դարպասները բացել, ես նկատի ունեմ 43 կմ հատվածը, ուրեմն իսկապես վստահ եղեք, որ ապագան զարգացման առումով շատ մեծ հնարավորություններ է տալու մեզ։ Եվ այն մեծ ծրագիրը, որ մենք հիմա ներկայացնում ու առաջ ենք տանում՝ խաղաղության խաչմերուկը, շատ լավ ընկալվում է նաև միջազգային հանրության կողմից, և բոլորի համար գրավիչ ու հաճելի է։ Մենք հասկանում ենք՝ ինչքան կարևոր է այս 43 կմ հատվածն ու Սյունիքը»,- նշել է Վահագն Խաչատուրյանը։
Այդ ի՞նչ 43 կիլոմետրի մասին է խոսքը, Սյունիքի այդ ո՞ր փակ դարպասն է ՀՀ այսպես կոչված նախագահն ուզում բացված տեսնել, արդյո՞ք խոսքը հենց այն նույն «միջանցքի» մասին չէ, որ այդքան փափագում է Ադրբեջանը. նշված հարցերից որևէ մեկը չհնչեց սյունեցի պաշտոնյաների կողմից, ավելի ճիշտ, հնարավոր է՝ հնչել է, սակայն Խաչատուրյանի աշխատակազմի պատրաստած ու տարածած տեսանյութում այդ ամենը չի երևում։
Ուստի, մենք փորձեցինք հանդիպմանը ներկա գտնված սյունեցի պատոնյաներից ճշտել, թե ինչ դարպասի մասին է խոսքը, երբ և ինչպես պետք է բացվի այն։ Որքան էլ տարօրինակ է, Խաչատուրյանի ամեն բառից հետո գլխով համաձայնություն ցույց տվող համայնքապետերն ու մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ամեն կերպ խուսափում են զանգերին պատասխանելուց։
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն էլ որևէ կերպ չպատասխանեց մեր զանգերին։
Կապանի համայնքապետարանից էլ տեղեկացրին, որ համայնքապետն այս պահին Խաչատուրյանի հետ շրջայցի է գյուղերում, ու վերադառնալուց հետո հնարավոր է խոսի։
Ինչևէ, չկորցնելով լավատեսությունը` շարունակեցինք զանգել այն համայնքապետերին, որոնք մասնակցել են Խաչատուրյանի հետ հանդիպմանը։ Հերթը Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանինն էր, ում օգնականը մեզ ասաց, որ շուտով ղեկավարին կասի մեր զանգի մասին ու կկապվեն մեզ հետ։ Հանուն արդարության նշենք, որ երեսուն րոպե անց համայնքապետարանից կապ հաստատեցին մեզ հետ՝ ասելու, որ համայնքապետն ասելիք չունի։
«Պարոն Անդրեասյանն ասում է՝ «բավարարվեք մամուլի հրապարակումներով»»,- նշեց Մեղրիի համայնքապետի օգնականը։
Դիտարկմանը, որ մամուլի հրապարակումներից պարզ չի դառնում, թե այդ ինչ դարպաս են բացելու, մեր զրուցակիցն արձագանքեց. «Դե ինչ ասեմ, հարմար չէ, պարոն Անդրեասյանը դուրս է գալիս համայնքապետարանից»։
Ճշտող հարցին, թե ե՞րբ է վերադառնալու, համայնքապետարանից արդեն շատ ավելի անկեղծ արձագանքեցին. «Մերժում է, չի պատասխանելու որևէ հարցի»։
Իհարկե, մեզ մերժել կարող եք, պարոնայք, սակայն ցավալի է, որ մեր բոլորի հայրենիքի նկատմամբ ձեր անտարբերության պատճառով եք մերժում։ Դուք էլ չգիտեք, թե ինչ դարպաս պիտի բացի Սյունիքը, ինչու և ինչպես պիտի բացի։ Ու չգիտեք, քանի որ ձեզ կա՛մ չի հետաքրքրում, կա՛մ էլ «դուխ» չեք ունեցել այդ հարցերը հնչեցնելու, դե ամեն դեպքում Փաշինյանի մարդն է չէ՞ այդ թեզերը ներկայացնողը։
Իսկ եթե այդպես չէ, ու դուք իրապես ասելիք ունեք, ապա հույս ունենք, որ շուտով կներկայացնեք, թե Սյունիքի գլխին հիմա ինչ է բերվելու։ Ու, ի դեպ, առաջինը հենց դո՛ւք եք դրա ազդեցությունը զգալու:
Բաց մի թողեք
Ո՞րն է «պատվավոր ոչ-ոքի»-ի պայմանը
Բատկան կկարողանա՞ դիմադրել Պուտինին, թե՝ երկրորդ ճակատ կբացի
Տոկաևը թուրքական ինքնության կենտրոն է ընդունում ղազախստանյան տափաստանը