Ռուսաստանի տնտեսությունը պատժամիջոցների տակ գտնվելու տարիներին դրանց հանդեպ իմունիտետ է մշակել: Այդ մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքը:
«Մենք բավական երկար ենք ապրում ահռելի քանակի պատժամիջոցների տակ: Մեր տնտեսությունը գործում է ահռելի թվով սահմանափակումների տակ: Դրա համար, իհարկե, մենք որոշակի իմունիտետ այդ կապակցությամբ մշակել ենք»,-ասել է Պեսկովը:
Նախօրեին ԱՄՆ նախագահը «շատ ցավալի» է անվանել Ուկրաինայում հրադադարի տասնօրյա դեդլայն սահմանելու մասին իր հայտարարության շուրջ պաշտոնական Մոսկվայի լռությունը, թեև մինչ այդ ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Մեդվեդևը նրա վերջնագիրը բնութագրել էր որպես ռուս-ամերիկյան ուղղակի առճակատման տանող քայլ:
Այդուհանդերձ, Վլադիմիր Պուտինը «պահպանել է դիվանագիտական պատշաճության կանոնները» և իր մամուլի քարտուղարի միջոցով Թրամփի սպառնալիքը պարզապես «գրողի ծոցն ուղարկել»:
Դա միանգամայն կանխատեսելի էր, հուլիսի 3-ի հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահն ամերիկյան պաշտոնակցին պարզ և միանշանակ ասել է, որ հրադադար չի հաստատվի՝ մինչև Ուկրաինան չընդունի «կարգավորման» բոլոր պայմանները:
Եթե համարենք, որ Թրամփի «վերջնագիրն ուժի մեջ է մտել» հուլիսի 29-ին, ապա Ուկրաինայում հրադադարի վերջնաժամկետը մոտավորապես համընկնում է Սևրի պայմանագրի ստորագրման 105-րդ տարեդարձին:
Ու, թերևս, այդ, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի խորհրդանիշը նկատի ունի ՌԴ արտգործնախարար Լավրովը, երբ ասում է, որ Ռուսաստանն առաջին անգամ պատերազմում է առանց դաշնակիցների:
Լավրովի այս դիտարկումը կարելի է «քնարական զեղում» համարել, բայց ինչպե՞ս է բացվելու օգոստոսի 10-ի առավոտը, ի՞նչ է ձեռնարկելու Դոնալդ Թրամփը, եթե համոզված չէ, որ կիրառելիք պատժամիջոցները կարող են Ռուսաստանի որոշումների վրա մեծ ազդեցություն թողնել, իսկ Պուտինի մամուլի քարտուղարն, ըստ էության, նրա այդ կանխատեսումը հաստատում է:
Ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցում Դոնալդ Թրամփը փորձության է դնում ոչ միայն իր, այլև առաջին հերթին Միացյալ Նահանգների միջազգային հեղինակությունը, իսկ Վլադիմիր Պուտինը՝ սառնասրտորեն պսակազերծում նրա և ԱՄՆ «անառարկելի հեղինակությունը»: Նման դեպքերում, որպես կանոն, «հաղթողին որոշում է մրցագորգը», բայց նման սցենարը խելացնորություն կլինի:
Տպավորություն է, որ Թրամփը և Պուտինը միանգամայն գիտակցված, բայց շատ վտանգավոր «խաղ են տանում». Իրավիճակը հասցնել մի կետի, երբ ընտրությունը կլինի միջուկային պատերազմի և փոխզիջումներով դեմք փրկելու միջև:
Բայց որքանո՞վ է կառավարելի այդ «գամբիտը», և ո՞րն է «պատվավոր ոչ-ոքի»-ի պայմանը: «Յալթա-2-ը՞»: Իսկ ո՞վ է «Չերչիլը»: Թրամփն այդ հարցը Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի հետ քննարկե՞լ է: Գուցե ներգրավվելու է «եվրոպական եռյա՞կը»՝ Գերմանիա-Ֆրանսիա-Մեծ Բրիտանիա ձևաչո՞վ:
Բաց մի թողեք
Որ անցանկալի սցենարը կանխելու համար է պետքարտուղար Ռուբիոն գործուղվել Իսրայել
Էրդողանը կոչ է արել «տնտեսական սահմանափակումներով Իսրայելին գետնին սեղմել»
Վրաստանում քաղաքական «թեժ աշուն» է