Օգոստոսի 1-ից Երեւանում մեկնարկել է Ազգային երիտասարդական եռօրյա համաժողովը, որի նպատակն է համախմբել Հայաստանի, Սփյուռքի եւ Լեռնային Ղարաբաղի երիտասարդներին՝ մասնակցելու Հայաստանի զարգացման գործընթացներին:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ համաժողովի շրջանակում շուրջ 51 երկրներից Հայաստան են ժամանել 18-35 տարեկան ավելի քան 600 երիտասարդներ: Համաժողովը հայ երիտասարդներին թույլ կտա բացահայտել ընդհանուր առաջնահերթությունները, ինչպես նաեւ միասին աշխատել Հայաստան-Սփյուռք երիտասարդական համագործակցության ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ:
«Երիտասարդների կողմից՝ երիտասարդների համար» կարգախոսը կրող Ազգային երիտասարդական համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, հայտնում են ԱԺ-ից։
«Մեզ միավորողը հայրենիքն է, հայոց լեզուն, պետականությունը, կրոնը, որոնց առանցքում Հայաստանի Հանրապետությունն է»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ համոզմունք հայտնելով, որ եռօրյա քննարկումներն ու միջոցառումներն արդյունավետ կլինեն:
Անդրադառնալով ծառացած մարտահրավերներին՝ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ մարտահրավերներ միշտ եղել են եւ կլինեն, սակայն առավել կարեւոր է այն, թե ինչպես ենք արձագանքում դրանց:
«Ես ցանկանում եմ, որ մենք մեծ պատասխանատվությամբ եւ հոգատարությամբ վերաբերվենք այդ մարտահրավերները հաղթահարելուն: Համոզված եմ, որ ունեցել եք հնարավորություն այցելել մարզեր եւ ծանոթանալ մեր երկրի առավելություններին, հաջողություններին, հնարավորություններին, խնդիրներին: Միայն հոգատարությամբ, ջանասիրությամբ եւ անհատական ջանքերով է հնարավոր, առկա բոլոր հնարավորություններն օգտագործելով, խնդիրները հասցնել հանգուցալուծման: Ցանկանում եմ կոչ անել մեր հարյուրավոր երիտասարդներին, որոնք այցելել են Հայաստան, գտնել այն հնարավորությունը, տեղը, որտեղ կարելի է ներդնել ձեր անհատական ջանքը եւ պլանավորել դրա իրականացումը»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ ուժ, եռանդ եւ կամք մաղթելով բոլորին սիրելի հայրենիքի շենացման գործում:
Համաժողովի մասնակիցներին ողջունել են նաեւ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Առաջիկա երեք օրերի ընթացքում նախատեսվում են պանելային, կլոր-սեղան ձեւաչափով ոլորտային քննարկումներ, TEDx ոճի զրույցներ, շնորհանդեսներ, որոնց կմասակցեն պատգամավորներ:
Բաց մի թողեք
Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմական առաջնորդները կոչ են արել․ Լուսանկար
«Մեր ձևով» շարժման համակիրները գիշերը գնացել են իրենց զորակցությունը հայտնելու հոգևորականներին
Մկրտիչ սրբազանին տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել