18/08/2025

Շունը շան թաթը չի կծի՝ բենզինը մի օր կգնա, մյուս օրը՝ թող լճանա

Ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները հայտնում են, որ Բաքվի բենզալցակայաններում օգոստոսի սկզբից «АИ 95» մակնիշի բենզինի սուր դեֆիցիտ է: «Չնայած Socar Petrolium-ի պաշտոնական հաղորդագրությանը, որ «խնդիրը լիովին կարգավորված է» շուկայի իրավիճակը ցույց է տալիս, որ ոչինչ չի փոխվել»,- գրում է, մասնավորապես, haqqin.az-ը:

Լրատվամիջոցի թղթակիցը, վկայակոչելով իր անձնական դիտարկումները, փաստում է, որ օգոստոսի 13-ին նույնիսկ Բաքվի կենտրոնական թաղամասերի բենզալցակայանները մատնված են պարապուրդի: Վեցերորդ օրն է, ինչ «АИ 95» մակնիշի բենզին չկա, իսկ թե ե՞րբ կստացվի, ոչ ոք չգիտի:

Լրատվամիջոցի խնդրանքով մեկնաբանելով իրավիճակը, փորձագետ Իլհամ Շաբանն ասել է, որ Ադրբեջանը որդեգրել է նավթամթերքների մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման քաղաքականություն: Նրա տեղեկություններով, բենզինի որոշակի քանակություն ներկրվում է Թուրքմենստանից, Ղազախստանից, Ռումինիայից և Բուլղարիայից:

Ադրբեջանցի փորձագետը բացահայտել է, որ Բելառուսը դադարեցրել է «АИ 95» մակնիշի բենզինի Ադրբեջան մատակարումը և այժմ «հարցը կարգավորվում է Լիտվայի հետ բանակցությունների միջոցով»: Օգոստոսի 1-ից Ռուսաստանը դադարեցրել է մրցունակ գներով «АИ 92» մակնիշի բենզինի մատակարարումները:

Ադրբեջանը, չնայած նավթ արդյունահանող եւ արտահանող երկիր է, բայց նավթավերամշակման և բենզինի ու դիզվառելիքի արտադրության չափազանց սուղ հնարավորություններ ունի, Բաքվում արտադրվում է միայն «АИ 92» մակնիշի ցածրորակ բենզին:

Ընդ որում, իրավիճակը չափազանց բարդ է՝ կապված Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանում մարտ ամսին բռնկված հրդեհի հետ, որի պատճառած տեխնիկական վնասները լիովին չեն հաղթահարվել:

Եթե Բելառուսը դադարեցրել է բարձրորակ բենզինի Ադրբեջան մատակարարումը, իսկ Ռուսաստանը, հավանաբար, իր ապրանքի դիմաց ավելի բարձր գին կառաջարկի, ուրեմն խնդիրը կապված է ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետ:

Ադրբեջանցի փորձագետ Շաբանը փաստացի հաստատում է դա, երբ ասում է, որ Բաքուն որոնում է նավթամթերքների, տվյալ դեպքում՝ բարձրորակ բենզինի, մատակարարման այլընտրանքային աղբյուրներ և նշում մի քանի երկրներ, որ կարող են բավարարել Ադրբեջանի կարիքները:

Ակնհայտ է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևին «բեմզինային պատերազմ է հայտարարել»: Այլ երկրներից ներկրումները ենթադրում են նոր լոգիստիկա, փոխադրումների ծախսերի ավելացում, ինչը, բնականաբար, ազդելու է վառելիքի գների վրա:

Խիստ ուշագրավ է, որ, ըստ այլ տեղեկությունների, ռուսաստանյան «Լուկօյլ» ընկերությունը «լիովին դադարեցրել է Ադրբեջանի տարածքում լցակայանների գործունեությունը»:

Այդ ընկերության սեփականատերը ռուսաստանցի միլիարդատեր էթնիկ ադրբեջանցի Վագիթ Ալեքպերովն է: