«Երախտագիտություն եմ հայտնում իմ բարեկամ նախագահ Պուտինին հեռախոսազանգի և նրա համար, որ ինձ հետ մտքեր է կիսել վերջերս Ալյասկայում ԱՄՆ նախագահի հետ ունեցած իր հանդիպման մասին Հնդկաստանն ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման անփոփոխ կոչ է անում և սատարում այդ ուղղությամբ բոլոր ջանքերին»,-սոցիալական X հարթակում այսպիսի գրառում է կատարել Հնդկաստանի վարչապետ Մոդին և հավելել, որ մոտ ապագայում սպասում է Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման:
ԱՄՆ նախագահի հետ Ալյասկայում բանակցությունների մասին Վլադիմիր Պուտինը տեղեկություններ է հայտնել նաև Բելառուսի, Հարավ-աֆրիկյան հանրապետության, Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահներին:
Աչքի է զարնում, որ այդ կարևորագույն քննարկումների մասին Ռուսաստանի նախագահը դեռևս հեռախոսազրույց չի ունեցել Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Առայժմ Պուտինից անմիջապես իրազեկվածներից չէ նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, որը օգոստոսի 18-ին Երևան ուղևորվելուց առաջ Թեհրանի օդանավակայանում չի թաքցրել, որ մտահոգված է Հայաստանի հարավում հաղորդուղիների շրջափակման ծրագրին Միացյալ Նահանգների ներգրավվածությունից և պատրաստվում է այդ խնդիրը քննարկել հայ պաշտոնյաների հետ:
Թրամփ-Պուտին հնարավոր «գործարքով» Հնդկաստանի վարչապետի շահագրգռվածությունը միանգամայն հասկանալի է. Ռուսաստանի դեմ ամերիկյան հավելյալ պատժամիջոցները լրջագույնս կարող էին շոշափել նաև Հնդկաստանի տնտեսական շահերը, ինչպես նաև բարդացնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները՝ ներառնելով նաև ռազմական և ռազմա-տեխնոլոգիական համագործակցությունը:
Ամենայն հավանականությամբ, արդարացի են փորձագետները, երբ ասում են, որ Թրամփի հետ հանդիպումը Վլադիմիր Պուտինի համար առաջին հերթին կարևոր է միջազգային մեկուսացումը հաղթահարելու իմաստով:
Անքորիջի բանակցություններից հետո միջազգային հարաբերություններում դե-ֆակտո իրավիճակ է ստեղծվել, որտեղ Ռուսաստանը քաշային կարգով հավասարվել է ԱՄՆ-ին:
Ե՞րբ, որտե՞ղ, ի՞նչ ձեւակերպումներով իրավական տեսքի կբերվի այդ իրավիճակը՝ Պուտինի համար, թերևս, այնքան էլ էական չէ: Նա Թրամփի հետ կանգնել է նույն բարձրության «պատվանդանի վրա»:
Իսկ եթե Սպիտակ տանը նախատեսված բանակցությունները շոշափելի արդյունք չարձանագրեն, իսկ հակառակը պնդելու շատ քիչ հիմքեր կան, ապա ԱՄՆ-Ռուսաստան «գործարքի» ճանապարհը կհարթվի ավելի առարկայորեն:
Ե՞րբ է Հնդկաստանի վարչապետը պատրաստվում հանդիպել Ռուսաստանի նախագահին: Ըստ նրա գրառման՝ դա տեղի կունենա «առաջիկա օրերին»: Հնդկաստանը Ռուսաստանի հետ համագործակցությունը չափազանց թանկ է գնահատում, և այդ «կախվածությունը» փոխադարձ է: Բավական է հիշել, որ Պուտինը հրապարակային ոչ մի դժգոհություն չհայտնեց, երբ Մոդին անցյալ տարի այցելեց Կիև:
Ռուս-հնդկական հարաբերությունները կարևոր են նաև Հարավային Կովկասի համար: Երևան մեկնելուց առաջ Իրանի նախագահը խոսել է «Հյուսիս-հարավ» տրանսպորտային հաղորդուղու մասին: Այդ նախագծի շահառու կարող է լինել նաև Հնդկաստանը:
Բաց մի թողեք
Սյունիքում հաղորդուղիների բացման ծրագիրն ու Էրդողանի ազդեցության լծակները
Կամ հերքել Պուտինի հետ սեպարատ համաձայնությունը, կամ կոտրել միասնական Եվրոպայի դիմադրությունը
Պուտինի ինքնաթիռի վայրէջքով ՌԴ-ն հաշվել է Թրամփի ատամները․ ԱՄՆ խաբված նախագահը մոլորված սպասել է