24/08/2025

Գերտերությունները հասնելու են համաձայնության և այն բաշխելու են ըստ ազդեցության ոլորտների՞՝ Հայաստան – Ադրբեջան հատվածում

«Խաղաղության միակ և ունիվերսալ երաշխիքը ուժային հավասարակշռության վերականգնման մեջ է, առանց որի խաղաղության ցանկացած փաստաթուղթ բուտաֆորիա է, ցնորք ծալապակասների համար»,- հայ-ադրբեջանական նախնական համաձայնությունների մասին գրում է ֆեյսբուքյան հայ օգտատերը:

Որ ուժային հավասարակշռությունը խաղաղության երաշխիք է, առարկություն չի վերցնում, բայց խնդիրն այն է, որ, թող ներեն կրկնաբանության համար, խաղաղության երաշխիք ստեղծելու համար նախ պետք է խաղաղություն ստեղծել:

Պատերազմական իրավիճակում, շրջափակման, տարածաշրջանային տնտեսական և հաղորդակցային ծրագրերից մեկուսացվածության պայմաններում ուժային հավասարակշռության վերականգնումը հնարավոր չէ:

Ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմների միջակայքի քառորդդարյա իրականությունն ասվածի հստակ վկայությունն է: Քսանհինգ տարում Ադրբեջանի և Հայաստանի միջև ուժային հավասարակշռությունը փոխվել է հօգուտ հակառակորդի:

Դա թույլ է տվել, որ Իլհամ Ալիևը մերժի ԼՂ կարգավորման առաջին հայացքից «ոսկե միջինի» սկզբունքով մշակված բոլոր առաջարկությունները, ներառյալ՝ «Լավրովի պլանը»:

Ովքեր հիշում են և անկողմնակալ մոտեցում ունեն, կվկայեն, որ քառասունչորսօրյա պատերազմից հետո Ալիևը բազմիցս բարձրացրել է Հայաստանի ԶՈՒ կրճատման, սպառազինությունների սահմանափակման, նույնիսկ դրանց ձեռքբերման արգելք սահմանելու «անհրաժեշտության» կամ «հայկական ֆաշզիմի ոչնչացման» հարցը:

Հայ-ադրբեջանական նախաստորագրված համաձայնագրում Հայաստանի ԶՈՒ թվաքանակի կրճատման, սպառազինությունների տեսակների սահմանափակման մասին որևէ դրույթ չկա:

Այսինքն, պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո իր Զինված ուժերը վերակազմավորելու, արդիականացնելու, կոնվենցիոնալ բոլոր տեսակի սպառազինությունների ձեռքբերման հարցերում Հայաստանը որևէ պարտավորությամբ կաշկանդված չի լինելու:

Հնարավորությունը՝ հնարավորություն, իրավունքը՝ իրավունք, բայց արդիական սպառազինությունների ձեռքբերումը նախ հսկայական ֆինանսներ է պահանջում, այնհուհետև՝ քաղաքական պայմանավորվածություններ:

Ուստի առանց տնտեսական հավելյալ արժեքի նոր գեներացման և արտաքին ճկուն քաղաքականության Հայաստանը չի կարող վերականգնել ուժային բալանսը կամ անվտանգային բաղադրիչները հասցնել մի մակարդակի, որի առկայության դեպքում Ադրբեջանը նոր էսկալացիայի գայթակղություն չի ունենա:

Այսքանը վերաբերելի է երկկողմ «մրցակցության» տիրույթին: Բայց խաղաղությունը բացառապես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների խնդիր չէ, ունի երկրորդ՝ տարածաշրջանային և երրորդ՝ գլոբալ նշանակություն:

Մոլորություն է հավատալ, թե ղարաբաղյան երկրորդ պատերազմը բացառապես Ալիևի որոշումով է սկսվել և նրա հետևանքները միայն Ադրբեջանի «ռազմավարն են»: Եթե այդպես լիներ, ռազմական գործողությունները կտեղափոխվեին Հայաստանի սուվերեն տարածք:

Այս իմաստով խաղաղության երաշխիք է տարածաշրջանային կոնսենսուսը, որի բացակայությունը շատ ավելի վտանգավոր կլինի, քան Ադրբեջանի գերսպառազինվածությունը: Ինչ վերաբերում է գլոբալ կայունությանը, ապա ոչ ոք չի կարող կանխատեսել, թե այն երբ և ինչպես կհաստատվի:

Ընդ որում՝ շատ բարդ է կանխատեսել՝ նոր աշխարհակարգը հաստատվելու է «վերևից՝ ներքև» սկզբունքո՞վ, այսինքն՝ գերտերությունները հասնելու են մի համաձայնության և այն բաշխելու են ըստ ազդեցության ոլորտների՞, թե տարածաշրջանային կոնսեսուսներից բարձրանալու են արդեն «բաժանված աշխարհի» ֆորմալացմա՞ն:

Ինչ էլ որ լինի, հայ-ադրբեջանական թեկուզ «բուտաֆորիա» համաձայնությունը նոր պատերազմի առարկայական սպառանալիքով հղի դիմակայությունից նախընտրելի է: