Պուտինը մամուլի ասուլիսով ամփոփել է Տաջիկստան եռաօրյա այցի արդյունքները: Նրա, թերևս, ամենաուշագրավ դիտարկումը վերաբերում է ԱՊՀ ապագային:
Ընդ որում, այս հարցին նա մոտեցել է «շրջանցիկ ճանապարհով»: Պուտինը նախ խոսել է Ռուսաստանի և Տաջիկստանի ռազմավարական գործընկերությունից, ապա տարածաշրջանային ընդհանրացում արել, որ «Ռուսաստանը և Կենտրոնական Ասիան չպետք է միմյանցից ճանապարհ շեղեն»:
Ի վերջո նա հիշեցրել է ԽՍՀՄ ժամանակների «միասնական լոգիստիկան, արդյունաբերության միասնական կոոպերացիան, միասնական մշակութային կոդը՝ չնայած բազմամշակութայնությանը» և ամփոփել, որ «ԱՊՀ-ն կոչված է պահպանել այդ ամենը»:
Ավելի քան մեկ ամիս առաջ ռուսաստանյան մամուլում տեղեկություն է տարածվել, որ Վլադիմիր Պուտինի աշխատակազմում ստեղծվել է ԱՊՀ երկրների հետ ռազմավարական համագործակցության հարցերի վարչություն:
Որևէ տեղեկություն, որ ԱՊՀ Դուշանբեի գագաթնաժողովի դռնփակ նիստում Ռուսաստանի նախագահը գործընկերներին նման առաջարկություն ներկայացրել է, առայժմ չկա: Բայց եթե Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսին հնչեցրել է ԽՍՀՄ ժամանակների, այսպես ասած՝ «միասնական կոդը» պահպանելու անհրաժեշտությունը, պետք է եզրակացնել, որ քննարկումներ, այնուամենայնիվ, տեղի են ունեցել:
Ընդ որում, Պուտինը չափազանց ենթատեքստային ակնարկ է արել, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը «մնում են Անքորիջի պայմանավորվածությունների շրջանակներում, և կողմերն ամեն ինչ չէ, որ բացահայտում են»: Մինչ այդ նա ԱՊՀ երկրների առաջնորդներին խոստացել է փակ նիստում ներկաայցնել իր և ԱՄՆ նախագահի պայմանավորվածությունները:
Ի լրումն, Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ շուտով Ռուսաստանը կունենա «բոլորովին նոր տեսակի սպառազինություն»: Նրա խոսքերով, նախանշված գաղափարն արդեն իրականություն է դառնում, իսկ «փորձարկումներն անցնում են հաջող»:
ԱՊՀ երկների ղեկավարներին, նա, ըստ երևույթին, ավելին է ասել: Ըստ ամենայնի, կարելի է ասել, որ Դուշանբերում Վլադիմիր Պուտինը ներկայացրել է «նորացված ԽՍՀՄ կազմավորելու» իր նախագիծը:
Ի՞նչ արձագանք է այն գտել՝ առայժմ հնարավոր չէ նույնիսկ ենթադրել: Չափազանց զգուշացնող է, որ Ռուսաստանի նախագահը ոչ մի կերպ չի անդրադարձել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության օրակարգին:
Բաց մի թողեք
«Հյուսիս-հարավը» բավարարում է Իրանի և Ռուսաստանի շահերը, բայց հակադրվում Թուրքիային և Ադրբեջանին
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանն այս շաբաթ Բաքվում եռակողմ բանակցել են
Հնդկաստանը «կստանա տարածաշրջանում ինստիտուցիոնալ ներկայացվածության հնարավորություն»