08/11/2025

Բաքվում անհանգստացած են՝ «չպետք է թույլ տալ, որ հաղթանակը մեր ձեռքից խլեն, ինչպես եղավ 1920 թվականին»

Բաքվում պաշտոնյաների ձերբակալությունները շարունակվում են: Հայտնի է դարձել, որ դատարանը կալանքը որպես խափանման միջոց է ընտրել Ղարադաղի շրջանի գործադիր իշխանության ղեկավարի տեղակալ Նադիր Մուրադովի և նրա մի քանի ենթակաների նկատմամբ:

Հատուկ գործողությունն իրականացրել է գլխավոր դատախազին առընթեր կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունը: Մուրադովը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ապօրինի եկամուտներ ձեռք բերելու մեջ: Որոշ լրատվամիջոցներ, սակայն, գրում են, որ Ադրբեջանում «հինգերորդ զորասյան մաքրագործում է սկսվել»:

Իշխնական minval.az-ը գնահատում է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի «ձեռքբերումները պահպանելու համար Ադրբեջանը պետք է ամրապնդի ինքնիշխանությունը, հակառակ դեպքում տարածքների նկատմամբ հաստատված վերահսկողությունը կարող են նրանից խլել»:

Պարսավանքի և մեղադրանքների սլաքներն ուղղված են նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհթիևի դեմ: Պաշտոնապես նրան ներկայացված է «իշխանությունը բռնությամբ զավթելու, սահմանադրական կարգը տապալելու փորձի և պետական դավաճանության մեղադրանք»:

Վերջին օրերին մամուլում տեղեկություն է հայտնվել, որ «Պետական անվտանգության ծառայությունը ձեռք է բերել Մեհթիևի ձեռքով կազմված մի ցուցակ, որտեղ ընգրկված է հիսուն անուն»:

Ըստ վարկածի՝ նրանք «պետք է նշանակվեին Մեհթիևի գլխավորության ձևավորվելիք Պետական խորհրդի անդամ»: Ենթադրվում է, որ այդ մարդիկ «առաջիկայում կձերբակալվեն և կկալանավորվեն»: Ի՞նչ զարգացումներ են հնարավոր Բաքվում, կանխատեսումներ դժվար է անել:

Բայց մի երևույթ արդեն իսկ ակնառու է: Քաղաքական որոշ դեմքեր և շրջանակներ, այդ թվում՝ «Մուսավաթ» կուսակցությունից, հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վերաբերյալ խոսույթը կոշտացրել են: Կարելի է ենթադրել, որ դա արվում է Ալիևին հաճոյանալու, նրա քինախնդրությունից խուսափելու նպատակով:

Միևնույն ժամանակ, սակայն, չի կարելի բացառել, որ Մեհթիևի հետ կապված պատմությունը մշակվել է Ալիևի աշխատակազմում, իսկ Հայաստանի հետ հարաբերությունների մասին «ընդդիմադիր» և «անկախ» քաղաքական գործիչների առավելապաշտական հայտարարությունները հասցեագրվում են ԱՄՆ վարչակազմին:

Ալիևը, հավանաբար, այդ կերպ ձգտում է ԱՄՆ նախագահին ներշնչել, թե իր համար որքան դժվար է Ադրբեջանի հանրությանը համոզել, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պետք է ճանաչվեն ԽՍՀՄ կազմում նրա ունեցած սահմաններով:

Minval.az-ի մեկնաբանը դիտարկումներն ամփոփել է «չպետք է թույլ տալ, որ հաղթանակը մեր ձեռքից խլեն, ինչպես եղավ 1920 թվականին»: