Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստում հավանություն է տվել մի շարք օրենսդրական փոփոխությունների, որոնք վերաբերում են ազգային անվտանգության համակարգի կատարելագործմանը։
Ըստ առաջարկված փոփոխությունների՝ Ազգային անվտանգության ծառայությունում նախատեսվում է ստեղծել նոր արտաքին հակահետախուզական ստորաբաժանում։
Այս նախաձեռնությունը բխում է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքից, որով սահմանվել են հետախուզական գործունեության իրականացման նոր կարգավորումներ։
Նոր ստորաբաժանման ձևավորումը նպատակ ունի բարձրացնել հակահետախուզական աշխատանքի արդյունավետությունը և համակարգվածությունը։ Այն կստեղծվի ԱԱԾ հետախուզության գլխավոր վարչության հիմքի վրա և կզբաղվի ոչ միայն արտաքին հակահետախուզությամբ, այլև Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգության ապահովմամբ արտերկրում։
Նախատեսվում է նաև ստեղծել համագործակցության հստակ մեխանիզմներ ԱԱԾ հակահետախուզական բաժնի և ՀՀ արտաքին հետախուզության ծառայության միջև՝ տեղեկատվության փոխանակման և գործողությունների համակարգման նպատակով։
Բացի այդ, նոր ստորաբաժանումը իրավունք կունենա պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև կազմակերպություններից՝ անհատույց ձևով օգտվել անհրաժեշտ տեղեկատվական համակարգերից ու տվյալների շտեմարաններից, այդ թվում՝ հեռակա հասանելիությամբ։
Օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է նաև հնարավորություն տալ 30 տարեկանից բարձր քաղաքացիներին ծառայելու ԱԱԾ սահմանապահ զորքերում, հատուկ ստորաբաժանումներում և այն պաշտոններում, որոնք պահանջում են մասնագիտական հատուկ գիտելիքներ։






Բաց մի թողեք
Եթե մեկ կուսակցությամբ կամ կոալիցիայով մեծամասնություն չձևավորվեց, կլինի երկրորդ ընտրություն. Գալյան
ՀՀ քաղհասարակության ներկայացուցիչները կայցելեն Ադրբեջան
Արմինե Ստեփանյանը՝ իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար