Վրաստանի և Չինաստանի կառավարությունները մի շարք հուշագրեր են ստորագրել: Այդ մասին հայտնում է apsny.ge –ն: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անցած օրերին գտնվել է Շանհայում, որպես պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցել է Միջազգային ներկրումային ցուցահանդեսի:
Ըստ վրացական կողմի պաշտոնական հաղորդագրության, Թբիլիսին և Պեկինը ստորագրել են ազատ առևտրի վերականգնման բանակցությունների ավարտի, «Օդային մեաքսի ճանապարհի» համատեղ զարգացման փոխըմբռնման, գյուղատնտեսության և արհեստական բանականության բնագավառում համագործակցության մասին հուշագրեր:
Հաղորդվում է, որ կայացել է Վրաստանի և Չինաստանի վարչապետներ Իրակլի Կոբախիձեի և Լի Ցյանի հանդիպումը: Դիտարժան է, որ նույն օրերին Չինաստանում է գտնվել նաև Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը:
Վրաստանը և Չինաստանը ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել են 2023 թվականին: Նույն տարում Վրաստանը ստացել է Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ:
Պատահական զուգադիպությո՞ւն է, թե՞ այդպես էլ ծրագրված էր, բայց փաստ է, որ նույն օրը, երբ ստորագրվել են Չինաստան-Վրաստան միջկառավարական հուշագրերը, Բրյուսելում հրապարակվել է Եվրամիության ընդլայնման ծրագրի մասին Եվրահանձնաժողովի զեկույցը:
Ըստ այդմ, մինչև 2030 թվականը հետխորհրդային տարածքի երկրներից ԵՄ անդամակցության հնարավորություն ունեն Ուկրաինան և Մոլդովան, Վրաստանը «բրյուսելյան պահունակից դուրս է ընկել»: Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Գերչինիսկին պարզորոշ ասել է, որ «Վրաստանի չի գտնվում այն ուղեգծի վրա, որ թույլ կտար անդամակցել Եվրամիությանը»:
Գերչինսկին պարզաբանել է, որ «ժողովրդավարության հետքայլի, իշխանության բարձրագույն ներկայացուցիչների կողմից հակաեվրոպական ապատեղեկատվության տարածման և ժողովրդավարական ինստիտուտների էրոզիայի պայմաններում Վրաստանը չի կարող Եվրամիությանն անդամակցել նաև 2030 թվականից հետո»:
Փորձագետնեի, այդ թվում՝ վրացի, կարծիքով Վրաստանի այսպես ասած՝ «չինական ընտրությունը» պայմանավորված է Ռուսաստանից կախվածությունը հաղթահարելու հանգամանքով:
Վրաստանն արդեն իսկ գործող «միջին միջանցքի» մասնակից է, իսկ այն ծառայում է Չինաստանից և Կենտրոնական Ասիայից դեպի Եվրամիության երկրներ բեռնափոխադրումներին: ԵՄ-ին Վրաստանի անդամակցության հետաձգումն, իհարկե, չի կասեցնի այդ երկրի տարածքով աշխարհաքաղաքական նշանակության կոմունիկացիաների շահագործումը:
Ավելին, Վրաստանի և Չինաստանի միջև «Օդային մետաքսի ճանապարհի» մասին հուշագրի ստորագրումը վկայում է, որ նախատեսվում է իրականացնել նաև Չինաստան-Եվրամիության երկրների ավիահաղորդակցություն՝ օգտագործելով վրացական «օդային միջանցքը»: Վրաստանում Եվրամիության դեսպանն ասել է, որ «դռները բաց են, բայց Վրաստանը պետք է մտնի իր կառավարությամբ»:
Ակնարկը պարզ է. խնդիրը «Վրացական երազանքի» կողմնորոշման մեջ է: Իսկ նա «չի հանձնվում», համարում է, որ Եվրամիությունը «պետք է հարգի վրաց ժողովրդի ընտրությունը»:
Նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կրկին համախմբման և Վրաստանի սահմանադրությամբ հաստատված եվրոպական ընտրությունը հաստատելու կոչ է արել:






Բաց մի թողեք
Ադրբեջանի տարածքով Հայաստան է հասել նաև 1000 տոննա ղազախական ցորենը
Երևանի 28 փողոցներում լուսավորության ծրագիրը կատարվել է ընդամենը 35 տոկոսով
ԵՄ-ից ստացած գրանտով 92-ին մենք Թուրքիայից հացահատիկ ենք գնել․ Հարությունյան