08/11/2025

Ադրբեջանը «հաստատված խաղաղության» պայմաններում հաղթանակի զորահանդես է անցկացնում, Էրդողանին են հյուրընալել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Էրդողանը Բաքվում կմասնակցի նոյեմբերի 8-ին կայանալիք, այսպես կոչված, «Հաղթանակի օրվա շքերթին»։

Նշենք, որ թուրքական աղբյուրները Էրդողանի այցի վերաբերյալ դեռևս հայտարարություն չեն տարածել։

Ըստ ադրբեջանական աղբյուրների, Էրդողանն այցի ընթացքում հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը կքննարկեն թուրք-ադրբեջանական հարաբերություններին և տարածաշրջանային հարցերին վերաբերող թեմաներ։

Բացի Էրդողանից Բաքու է հրավիրվել նաև Պակիստանի վարչապետ Մուհամադ Շահբազ Շարիֆը։

Մինչ ՀՀ կառավարիչը քայլեր է ձեռնարկում զինուժը կրճատելու, այն 5-րդական կառույց հռչակելու, իսկ զինծառայողներին հերոսից շարքային աշխատակցի վերածելու, Ադրբեջանը «հաստատված խաղաղության» պայմաններում հաղթանակի զորահանդես է անցկացնում:

Այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Ի դեպ, զորահանդեսի նախապատրաստական կադրերը ցույց են տալիս, որ մասնակից տեխնիկայի, սպառազինության մի մասը գնվել է 44-օրյա պատերազմից հետո, իսկ դրանք վաճառողների աշխարհագրությունը բավականին ընդգրկուն է:

Անշուշտ, ուժի ցուցադրման և դրան ուղեկցող քարոզչության հիմնական թիրախը շարունակում է մնալ Հայաստանը, որով Ադրբեջանը ոչ միայն «ցավեցնում» է հայ ժողովրդին, այլ հիշեցնում ՀՀ իշխանությանը, որ խաղաղություն հաստատվում և պահպանվում է ուժեղ բանակի առկայության և ուժի դիրքերից հանդես գալու միջոցով»,- ասել է նա: