13/11/2025

Գործընթացը կրկին փակ դռների ետևում, նորից խուսափում են բաց խոսել հանրության հետ

Ազգային ժողովում կայացած հարցուպատասխանի ընթացքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց, որ մոտ ժամանակում կհրապարակվի հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթիվը։

Հրապարակ թերթը գրել է․ Նրա խոսքով՝ ադրբեջանցի գործընկերոջ՝ Շահին Մուստաֆաևի հետ պարբերական աշխատանքային շփումներ են տեղի ունենում։

Պատասխանելով սահմանազատման ընթացքի և օգոստոսի 8-ի համաձայնագրի ազդեցության վերաբերյալ հարցին՝ Գրիգորյանը նշեց, որ այդ պայմանագիրը նոր խթան է տվել գործընթացի շարունակությանը։

Նրա խոսքով՝ այժմ քննարկումները ավելի կոնկրետ բնույթ են ստացել․ պարզվում է, թե ենթակառուցվածքներն ինչ դիրք կունենան և որ հատվածներն են ենթակա սահմանազատման։

Սա, ըստ փոխվարչապետի, անհրաժեշտ է նաև նախագծային աշխատանքների իրականացման համար։

Գրիգորյանը ընդգծեց, որ թեև գործընթացները փոխկապակցված են,  Հայաստանի կողմից սահմանազատման աշխատանքները շարունակվելու են առանձին՝ պետական շահերից ելնելով։