12/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Դոնալդ Թրամփն անձամբ ոչ մի վստահություն չունի, որ ուկրաինական խաղաղ կարգավորումն առհասարակ հասանելի է

«Մի՞թե իրոք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններում մեծ առաջընթաց հնարավոր է: Չհավատաք, մինչև ինքներդ չտեսնեք, բայց, հնարավոր է, ինչ-որ լավ բան տեղի է ունենում»:

Այս գրառման հեղինակը նախկին դիվանագետ չէ, վերլուծաբան կամ քաղաքագետ չէ, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն է, ուկրաինական կարգավորման ծրագրի հեղինակը կամ նա, ում վերագրվում է այդ «պատիվը»:

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններ չեն ընթանում: Նախօրեին տևական քննարկումներ կազմակերպվել են Ժնևում, բայց դրանք ընթացել են ԱՄՆ-Ուկրաինա, Եվրամիություն-Միացյալ Նահանգներ և ԵՄ-Ուկրաինա ձևաչափով:

Հայտնի է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ ժնևյան բանակցությունները գնահատել է որպես «ամենաարդյունավետը»: Չափավոր լավատեսություն է հայտնել նաև ուկրաինական կողմը, բայց Վլադիմիր Զելենսկին այդ տպավորությունը ցրել է:

Նոյեմբերի 24-ին նա ԱՄՆ հետ բանակցությունների ներկայիս փուլն անվանել է «կրիտիկական» և ակնարկել «քաղաքական ճնշումների» մասին: Դոնալդ Թրամփը Կիեւին մեղադրել է «օժանդակության համար անշնորհակալ գտնվելու» մեջ:

Նրա հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը «հրաժարվել է Զելենսկու հետ հանդիպումից»: Փորձագետները եզարակացնում են, որ Թրամփը «մերժում է Ուկրաինայի նախագահի հանդիպման խնդրանքը»:

Զելենսկին ուկրաինացիներին վստահեցրել է, որ «կգտնվեն փոխզիջումներ, որ ոչ թե կթուլացնեն, այլ կուժեղացնեն Ուկրաինան»:

Գերմանական Bild-ը, հղում անելով պաշտպանության նախարարության աղբյուրներին, հայտնել է, որ եվրոպական եռյակին՝ Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային, «հաջողվել է ամերիկացիներին համոզել, որ կարգավորման ծրագրից հանվեն ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության սահմանափակման և ուկրաինական բանակի թվակազմի կրճատման դրույթները»:

Ըստ պարբերականի աղբյուրի, այդ և Ուկրաինայի սպառազինվածությանը, նրա ռազմաարդյունաբերական համալիրին վերաբերող հարցերը «կքննարկվեն բանակցային առնաձին տրեկով՝ տարածքային խնդիրների հետ միասին»:

Այս ֆոնին նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը, որի մասին կողմերի պաշտոնական հաղորդագրությունից կարելի է, թերևս, երկու էական հանգամանք առանձնացնել: Վլադիմիր Պուտինը պաշտոնապես հաստատել է, որ ուկրաինական կարգավորման ամերիկյան «ծրագիրն այն տեսքով, որին ծանոթ ենք, կարող է ապագա համապարփակ կարգավորման հիմք լինել»:

Պուտինն այսպիսով «առ ոչինչ է ճանաչել» Ժնևում ամերիկա-ուկրաինական բանակցությունները և հասկանալ տվել, որ հօգուտ Ուկրաինայի որևէ փոփոխություն այն տեքստում, ինչ ստացել է ամերիկացիներից, անընդունելի է: Երկրորդ նշանակալի պահն այն է, որ Էրդողանը և Պուտինը, կարծես, համաձայնել են, որ ռուս-ամերիկյան հանդիպման վայր կարող է լինել Ստամբուլը:

Բարդ է ասել, թե ո՞ւմ նախաձեռնությամբ է Թուրքիան վերադառնում ուկրաինական կարգավորման «սեղանի շուրջ» և «արդարացի խաղաղություն» ասելով ինչ նկատի ունի Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Մեկ շաբաթ առաջ նա Անկարայում ընդունել է Ուկրաինայի նախագահ Զելենսկուն և «լիակատար աջակցություն հայտնել» Ուկրաինայի ինքնիշխանությանը: Էրդողանը միաժամանակ կարևորել է Ղրիմի թաթարների խնդիրը:

Այս «խճանկարում», եթե վերադառնալու լինենք ԱՄՆ նախագահի գրառմանը, ապա պիտի ընդունենք, որ Դոնալդ Թրամփն անձամբ ոչ մի վստահություն չունի, որ ուկրաինական խաղաղ կարգավորումն առհասարակ հասանելի է: