13/12/2025

Մեհթիևին «կուլակաթափ անելու», նրա ունեցվածքը «պետականացնելու», ապա Փաշաևներին հանձնելու խնդիր

Ադրբեջանի Միլլի մեջլիսը հավանություն է տվել ՆԳՆ ներքին զորքերի իրավական կարգավիճակի փոփոխության մասին օրենքի նախագծին, որ խորհրդարանի քննարկմանը ներկայացրել է նախագահի աշխատակազմը:

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, գլխավոր փոփոխությունն այն է, որ այսուհետև ներքին զորքերը ենթարկվելու են ոչ թե ՆԳ փոխնախարարին, այլ՝ անմիջապես Իլհամ Ալիևին:

Նոր օրենքը զգալիորեն ընդլայնում է ներքին զորքերի գործառույթների շրջանակը, նրանց վերապահում խուզարկություններ եւ ձերբակալություններ իրականացնելու լիազորություններ:

Օրենքով ներքին զորքերի ծառայողներին թույլատրվում է քաղաքացիների նկատմամբ կիրառել էլեկտրաշոկ, արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, իսկ «ապստամբության դեպքում՝ մարտական հրազեն»:

Միլլի մեջլիսի պրոֆիլային հանձնաժողովի նախագահ Նաղիևը ներքին զորքերի ենթակայության և գործառույթների փոփոխությունը բացատրել է «երկրի պաշտպանունակության ամրապնդման անհրաժեշտությամբ»:

Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները, մինչդեռ, պնդում են, որ Ալիևը «ՆԳ ներքին զորքերը մարտական պատրաստության է բերում, որպեսզի բռնաճնշի ընդդիմության բողոքը»:

Դեկտեմբերի 11-ին կալանավորվել է Բաքվի առևտրային նավահանգստի պետ Դաշդամիրովը, բերման են ենթարկվել պետական մաքսային կոմիտեի մի քանի բարձրաստիճան ծառայողներ:

Դատարանը նրանց նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրել կալանքը:

Ըստ որոշ աղբյուրների, դատախազությունը քրեական վարույթ իրականացնում նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Մեհթիևի ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հանգամանքով, մաքսային ծառայողները կալանավորվել են այդ գործի շրջանակներում:

Տեսակետ կա, որ Մեհթիևի «բիզնես-կայսրությունը» և Մեհրիբան Ալիևի հոր «Փաշա հոլդինգը» մրցակիցներ են, դրված է Մեհթիևին «կուլակաթափ անելու», նրա ունեցվածքը «պետականացնելու», ապա Փաշաևներին հանձնելու խնդիր:

Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարի կլանի անդամ են համարվում տրանսպորտի նախկին նախարար Մամեդովը, նախկին գլխավոր դատախազ Գարալովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Ուսուբովը, Միլլի մեջլիսի տասնյակ պատգամավորներ, ինչպես նաև ԶՈՒ ԳՇ նախկին պետ Սադիգովը: Եթե այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա բացառված չէ, որ հիշյալ նախկին և գործող պաշտոնյաներն «ապստամբեն»:

Ըստ երևույթին, Ալիևը կասկածում է ՆԳ նախարարության հավատարմությանը և ներքին զորքերի նկատմամբ ուղղակի վերահսկողություն է հաստատել, որպեսզի «անակնկալներից խուսափի»:

Որպես կանոն՝ Ալիևը ներքին դժգոհությունները լռեցնելու համար դիմում է արտաքին սադրանքների: Ադրբեջանի ներքաղաքական սրացումները վտանգավոր են առաջին հերթին այդ իմաստով: