Բաց նամակ – 3 ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին
ԿԳՄՍ նախարարության ներկայում հաստատած աշխարհագրության «Պետական եւ նոր» չափորոշչի ու դրա պահանջներով գրված որոշ դասագրքերի նույնիսկ հպանցիկ, ոչ խոր ուսումնասիրությունից պարզորոշ բացահայտվել է, որ դրանք թեեւ մեթոդատեխնիկական առումով որոշ չափով բարելավվել են, բայց աշխարհի օբյեկտիվ իրականությունը ճշմարտացիորեն արտահայտելու տեսանկյունից նույնիսկ անհամեմատ մեծ մասշտաբով վատթարացել են, աշխարհագրության ուսուցման բնագավառում առաջացնելով հետընթացային եւ փակուղային իրավիճակ:
Ժողովրդական լեզվով կարճ ասած՝ աշխարհագրության ուսուցման բարեփոխման նպատակով Ձեր անձնական ղեկավարությամբ եւ Ձեր ընտրած մասնագետների եւ նախարարության կազմում գործող ԿԶՆԱԿ-ի մասնագետների գործունեության վերջնարդունքը հիշեցնում է «հոնքը սարքելու փոխարեն աչքը վնասեցին» ասացվածքը:
Եվ դա անձամբ իմ եւ այլ աշխարհագրագետների համար ակնկալելի էր, քանզի կրթությունը պետության շահերին ավելի լայնորեն ծառայեցնելու, ինչպես նաեւ՝ նոր, նորաձեւ երեւալու համար գործադրվող մեծ ջանքերի ներդրումը եթե հասարակական գիտությունների բնագավառում թեկուզեւ մեծ վերապահումով, բայց մի կերպ հասկանալի է, սակայն բնական եւ ճշգրիտ գիտությունների, այդ թվում՝ նաեւ բնական (ֆիզիկական) աշխարհագրության բնագավառում, սկզբունքորեն անընդունելի է թեկուզ միայն այն պատճառով, որ բնության օրենքներն ամենեւին չեն ենթարկվում պետությունների ցանկություններին ու պատկերացումներին։
Բայց դե, ինչպես ասում են նման դեպքերում, ինչ եղել՝ եղել է, եւ պետք է մտածել թե «ինչ անել առաջիկայում»:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Դուք կրթության գործի փորձառու մասնագետ եք, չեմ փորձի Ձեզ տալ կազմակերպական բնույթի խորհուրդներ, մանավանդ նկատի ունենալով, որ չեք արձագանքել նախկինում իմ բարձրացրած նման հարցերին: Այդուհանդերձ, որպես կյանքի մեծ մասն աշխարհագրություն գիտությանն ու կրթությանը նվիրաբերած տարեց հայ մարդ, ցանկանում եմ, այնուամենայնիվ, մի երկու խորհուրդ-նկատառում հայտնել, որոնք հաստատ կօգնեն ստեղծված իրավիճակը հաջողությամբ եւ օգտակար ձեւով հաղթահարելուն:
1. Այսուհետ ուսումնական նյութերի պարտադիր եւ գլխավոր հատկանիշը պետք է լինի հաղորդվող գիտելիքների ճշմարտացիությունը:
2. Անհրաժեշտ է անհապաղ վերացնել ՀՀ աշխարհագրություն գիտության եւ կրթության ու համաշխարհային աշխարհագրական գիտության եւ կրթության միջեւ վերջին տարիներին անթույլատրելիորեն եւ չհիմնավորված ձեւով ստեղծված իմացաբանական եւ եզրութաբանական անհամապատասխանությունը: Դա առաջին հերթին կարող են եւ պարտավոր են հաջողությամբ կատարել ներկայիս նոր չափորոշիչը կազմած ԿԶՆԱԿ-ի փորձագետները:
3. Ես չգիտեմ, թե Դուք, որպես պետություն ներկայացնող անձ, Ձեր իրավասությամբ ինչպիսի գործողություն կկատարեք, բայց, անկախ դրանից, թե՛ գործող չափորոշիչը լավարկելիս եւ թե՛ դրա փոխարեն նորը գրելիս պարտադիր պայման պետք է լինի աշխարհագրության հետ առնչվող այլ գիտությունների (օրինակ՝ ֆիզիկայի, բուսաբանության, կլիմայագիտության) մասնագետների կարծիքը եւս հաշվի առնելը, ի տարբերություն նախկինի, երբ դրանք սխալմամբ անտեսվել են՝ հնարավոր դարձնելով վերեւում նշված թերությունները:
Ռուդիկ Մարգարյան; Աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ






Բաց մի թողեք
Անսպասելիորեն կյանքից հեռացել է մեր դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Ազատ Հակոբյանը․ Լուսանկար
Անգլերենի թեստերում եղել է խոտան. ովքեր համաձայն չեն արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննության. ԿԳՄՍՆ
Իսկական ուսուցիչն իր քննությունը վաղուց է հանձնել