Փաշինյանն Ադրբեջանին ինչ պետք էր՝ տվել է, ինչ պետք էր՝ զիջել, ինչ պետք էր՝ խոստացել։ Հիմա էլ Թուրքիայի հետ է անցել պատմական հարցերը հորով-մորով անելու գործին։ Որոշել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին այլևս ոչ մի խոչընդոտ չտեսնել։
Հրապարակ թերթը գրել է․ «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ում հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու որևէ օբյեկտիվ փաստ չկա։ Նախկին Խորհրդային Միության սահմանները դե յուրե ուժի մեջ են, հետևաբար տարածքի չճանաչման խնդիր էլ չկա։
Մի խոսքով՝ Թուրքիան առաջիկայում (առաջիկան Փաշինյանի համար՝ «Ապագա կա՛»-ն է) կճանաչի մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները, Հայաստանն էլ՝ Թուրքիայինը կճանաչի։
Իսկ Հայոց ցեղասպանությո՞ւնը,- կհարցնեք։ Դա Փաշինյանի պատմության մեջ տեղ չի գտնում։ Թուրքիան Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է, ուրեմն ի՞նչ կարիք կա հին պատմություններ հիշելու։ 1915 թվականը թողնենք արխիվում, մենք հիմա ապագայով ենք ապրում։ Հանկարծ բարիդրացիական հարաբերությունների ճանապարհին պատմությունը չկանգնի։
Ինչո՞ւ հիշել ցեղասպանությունը, երբ կարելի է խոսել զբոսաշրջության, սահմանների բացման ու բարեկամության մասին։ Իսկ պատմական հիշողության մասին խոսելիս Փաշինյանն անդրադարձել է նաև Արտաշատին։
Պարզվում է՝ այնտեղ ծրագիր են իրականացնում, որպեսզի Արտաշատի հնավայրն ու պատմական մայրաքաղաքի ավերակները հասանելի լինեն քաղաքացիներին ու զբոսաշրջիկներին։ Արտաշես արքան քաղաք է հիմնել, Նիկոլ Փաշինյանը հիմա դրա ավերակները զբոսաշրջիկներին հասանելի է դարձնում։
Մեկը մայրաքաղաք է կառուցել, մյուսը՝ ավերակների հասանելիության ծրագիր է մշակում։ Փաշինյանի քայլերին նայելով, թվում է, թե մեր պատմական հիշողությունն էլ է ուզում դարձնել զբոսաշրջային ցուցանմուշ, որը կարելի է նայել, լուսանկարել ու հանգիստ անցնել առաջ։


Բաց մի թողեք
Իշխանություն – ընդդիմություն․ ում գաղտնի պլանն է ավելի ուժեղ, եւ որը կիրականանա` կտեսնենք առաջիկայում
Դու Միածինը չես, ասա՝ որտեղի՞ց ընկար Հայաստանի գլխին
Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ