06/11/2026

EU – Armenia

Դու Միածինը չես, ասա՝ որտեղի՞ց ընկար Հայաստանի գլխին

Փաշինյանը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին նոր բացահայտում է արել։ Տեսեք՝ ինչ է ասում. «Ինչու է Մայր Աթոռը գտնվում Էջմիածնում, իհարկե, ավանդությունն ասում է, որ Մայր Տաճարը կառուցվել է Միածնի իջման վայրում, բայց ես էլ ասում եմ՝ Միածինն էլ միամիտ չէր և գիտեր, թե որտեղ պետք է իջներ»։

Հրապարակ թերթը գրել է․ «Միածինն էլ միամիտ չէր» արտահայտությունը շատ բան է բացում։ Այսինքն՝ էլ ո՞վ չէր միամիտ։ Իհարկե, ինքը՝ Փաշինյանը, որը ոչ թե իջավ, այլ ընկավ հայ ժողովրդի, Հայաստանի գլխին։

Եթե հիշենք Փաշինյանի հայտարարությունները, թե քանի անգամ է ինքը մեռել ու հարություն առել, պետք է ենթադրել, որ նա իրեն նույնացնում է Միածնի հետ, և ասելիքը միանգամայն պարզ կդառնա. ինքը միամիտ չէ, բայց Միածինն էլ միամիտ չէր։ Գիտեր՝ ուր պետք է իջներ։ Ասում է՝ բա ի՞նչ էիք կարծում, պատահակա՞ն էր ընտրել Վաղարշապատը։ Այն ժամանակ մայրաքաղաք էր։ Այսինքն՝ երկնքից իջնելիս էլ, ըստ Փաշինյանի տրամաբանության , Միածինը քաղաքական կողմնորոշում է ունեցել։ Ինքն էլ իր նման միամիտ չէր։

Հիմա հասկանալի է դառնում, թե ինչու Միածինը չիջավ, ասենք, մի սովորական գյուղում։ Իջավ մայրաքաղաքում, որ հետո ոչ ոք չկարողանա կասկածի տակ դնել տարածքի ռազմավարական նշանակությունը, որը հետագայում պետք է սակարկության առարկա դարձնի Փաշինյանը։

Փաշինյանի հաջորդ բացահայտումն էլ ավելի տպավորիչ է. մինչև 301 թվականը հայ ենք եղել, որովհետև հայ թագավորներ ենք ունեցել։Նա փորձում է Եկեղեցու պատմական նշանակությունը տեղավորել պետականության իր հայեցակարգի մեջ։ Դրա համար ստիպված է նույնիսկ Միածնի իջնելը բացատրել մայրաքաղաքի կարգավիճակով։ Սա արդեն երկնային մակարդակով պետականաշինություն է։ Պարզվում է՝ հայ լինելու համար թագավոր է պետք, ոչ թե հազարամյակների պատմություն, մշակույթ, լեզու և ինքնություն։

Փաշինյանը փորձում է Միածնի՝ Էջմիածին իջնելուն քաղաքական հիմնավորում տալ, մինչդեռ ինքն է պարտավոր քաղաքական հիմնավորում տալ Հայաստանի գլխին իր ոչ թե իջնելու, այլ ընկնելու հանգամանքին։ Հանրային հարց է մնում՝ դու Միածինը չես, ասա՝ որտեղի՞ց ընկար Հայաստանի գլխին։

Ինչո՞ւ ընկար Հայաստանի գլխին, ո՞վ գցեց։ Ինչուն արդեն պարզվում է։