06/11/2026

EU – Armenia

Մոլդովան եվրաինտեգրման շրջանակներում Ռուսաստանի հետ կսահմանի վիզային ռեժիմ

Մոլդովան, եվրաինտեգրմանն ուղղված իր պարտավորություններին համապատասխան, ի վերջո կսահմանի վիզային ռեժիմ Ռուսաստանի և Բելառուսի հետ։

Այս մասին TV8 հեռուստաալիքի եթերում հայտարարել է վարչապետ Վասիլե Տոֆանը՝ նշելով, սակայն, որ դեռ պատրաստ չէ հստակ ժամկետներ նշել այդ որոշման իրականացման համար։

«Մեր ազգային վիզային քաղաքականությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելը ենթադրում է, որ Մոլդովան պետք է վիզային ռեժիմ սահմանի այն երկրների քաղաքացիների համար, որոնց նկատմամբ Եվրամիությունը նույնպես կիրառում է վիզային ռեժիմ», – ասել է Տոֆանը՝ պատասխանելով այն հարցին, թե երբ կարող են վիզաներ սահմանվել Ռուսաստանի, Բելառուսի և Չինաստանի քաղաքացիների համար։ «Այս քայլը բխում է եվրաինտեգրման գործընթացի շրջանակներում երկրի ստանձնած պարտավորություններից»։

«Մենք մտադիր ենք շարունակել մեր ընտրած եվրոպական ուղին։ Պատրաստ չեմ հստակ ժամկետներ նշել։ Եթե ԵՄ կանոնակարգերը դա պահանջում են, ապա, կարծում եմ, մենք պետք է ձեռնարկենք անհրաժեշտ քայլերը՝ եվրաինտեգրման գործընթացն առաջ մղելու համար», – հայտարարել է վարչապետը։

Վիզային քաղաքականության ներդաշնակեցումը Շենգենյան գոտու չափանիշներին ինտեգրման գործընթացի և Եվրամիությանը Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունների պայմաններից մեկն է։

Այս շաբաթ Մոլդովան ստացել է ԵՄ անդամության թեկնածու երկրների վերաբերյալ գնահատման զեկույց, որում նշվում է, որ թեկնածու երկրները պարտավոր են իրենց վիզային քաղաքականությունը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին։