Թուրքիայի, Եգիպտոսի, Հորդանանի, Լիբանանի, Ինդոնեզիայի, Քուվեյթի, Կատարի, Օմանի, Պակիստանի, Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի, Պաղեստինի և Արաբական միացյալ էմիրությունների արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Արաբական երկրների լիգան, ինչպես նաև Պարսից ծոցի պետությունների համագործակցության անդամ երկրները համատեղ հայտարարություն են տարածել, որը խստորեն դատապարտում է Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբիի այն տեսակետը, որ Իսրայելը «Նեղոսից մինչև Եփրատ բոլոր բիբլիական տարածքների նկատմամբ օրինական իրավունք ունի և լավ կլիներ, եթե դա տեղի ունենար»:
Իսրայելում ԱՄՆ դեսպանը նման կարծիք է արտահայտել հայտնի հեռուստալրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում: Այդ սկանադալային հայտարարությունը նա արել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իսրայելա-պաղեստինյան հակամարտության շուրջ քննարկումներից հետո և Գազայի վերականգնման հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը Խաղաղության խորհրդում քննարկման դրվելուն ընդառաջ:
Տասներեք իսլամադավան երկրի և տարածաշրջանային երեք կազմակերպության համատեղ հայտարարության առանցքային շեշտադրումն այն է, որ դեսպան Հաքաբիի հայտարարությունը չի ներգրվում Գազայի հարցով նախագահ Թրամփի առաջարկած «հանդուրժողական ծրագրին»:
Դեսպանի հարցազրույցից շուրջ մեկ շաբաթ հետո դիվանագիտական նման ակնարկով հայտարարությունը, եթե բոլոր պայմանականություններից վերացարկվենք, մի նպատակ է հետապնդում՝ պարզել կամ փորձել հասկանալ, թե Սպիտակ տունը Իսրայելում ԱՄՆ դեսպանի հայտարարության վերաբերյալ ինչո՞ւ որևէ տեսակետ չի հնչեցրել:
Այդ սկզբունքային հարցում ԱՄՆ նախագահի, պետական դեպարտամենտի և Սպիտակ տան մամուլի խոսնակի լռությունն, իրոք, արտառոց է: Իսրայելում Միացյալ Նահանգների դեսպանը փաստացի ասել է, որ Եգիպտոսից մինչև Սիրիա տարածքները պատմականորեն Ավետյաց երկիր են, և լավ կլիներ, եթե Իսրայելն իրականում այդ ամբողջ տարածքի նկատմամբ իրավազորություն հաստատեր:
Տասներեք երկրի և տարածաշրջանային երեք կազմակերպության համատեղ հայտարարությունը պաշտոնապես տարածել է Թուրքիայի արտգործնախարարությունը: Հայտնի չէ՝ մինչ այդ Անկարան Վաշինգտոնի հետ խորհրդատվություններ անցկացրե՞լ է, թե՞ ոչ, բայց տեքստի տոնայնությունից դատելով՝ իսլամադավան պետությունները զգուշացնում են, որ Իսրայելը «կրակի հետ է խաղում», տարածաշրջանում հեգեմոնիա հաստատելու նրա քաղաքականությունը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների:
Իրադարձություններին ուշադրության հետևած փորձագետները մի քանի անգամ հիշեցրել են Դոնալդ Թրամփի պաշտոնամուտի ելույթը, որտեղ նա թեև ոչ ուղղակի տեքստով, բայց բավական թափանցիկ հասկացրել է, որ արաբները Պաղեստինի հողում «ոչինչ չեն ստեղծել, իսկ հրեաներն անապատում դրախտ են ստեղծել»:
Այդ փուլում Թրամփը նույնիսկ առաջարկել է արաբներին տարհանել Գազայից և տարածքը վերածել «մերձավորարևելյան Ռիվյերիայի»: Գրեթե նույնն է ասել Իսրայելում ԱՄՆ-ի դեսպան Հաքաբին:
Ի՞նչ կձեռնարկի Սպիտակ տունը: Եթե դեսպան Հաքաբին պաշտոնից հետ չկանչվի, ապա, ամենայն հավանականությամբ, իսլամական աշխարհը Գազայի վերականգնման Թրամփի ծրագրին չի վստահի:

Բաց մի թողեք
Իսրայելի նախաձեռնած «վեցյակի ալյանսը» ներգրավելո՞ւ է Ֆրանսիա-Հնդկաստան գլոբալ ռազմավարական գործընկերությանը
Թրամփը Պուտինի հետ «գլոբալ հավասարակշռություն հաստատելու գործարքի» կգնա՞
Բաքուն կհետևի Երուսաղեմի՞ն, թե՞ կներգրվի Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան «եռյակին»