04/03/2026

EU – Armenia

Եղբայրները չեն շփվում, բայց բռնագանձվում են միասին. Լուսանկար

«Մինչ իշխանական պատգամավորները ԱԺ ամբիոնից հայտարարում էին, թե նախկին նախարարը «թալանել է», դատարանը դեռ պետք է պարզի՝ 26 անշարժ գույքից որը ումն է, ըստ այդմ՝ արձանագրի «թալանի» մասշտաբները։

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանն ու նրա եղբայրը՝ գործարար Վահագն Մկրտչյանը, տարիներ շարունակ լարված հարաբերությունների մեջ են և անգամ չեն շփվում միմյանց հետ։ Այդ ֆոնին խիստ ուշագրավ է, որ Գլխավոր դատախազության ներկայացրած հայցում խոսքը գնում է Լևոն Մկրտչյանից և նրան փոխկապակցված անձանցից ինչ-որ գույքեր բռնագանձելու մասին՝ ներառելով լայնածավալ գույք։

ՀՀ դատախազությունը պահանջում է բռնագանձել՝

26 անշարժ գույք,

7 տրանսպորտային միջոց,

5 իրավաբանական անձանցում մասնակցություն,

893 մլն 449 հազար դրամ,

ևս 276 մլն 106 հազար դրամ՝ որպես չհիմնավորված և ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող միջոցներ։

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Լևոն Մկրտչյանը հայտարարել է՝ «իրավասու մարմինն անգամ չի կողմնորոշվել՝ իրենից կոնկրետ ինչ է պահանջում»։ Նրա խոսքով՝ 2025-ի դեկտեմբերին մեկ թիվ է նշվել, 2026-ի հունվարին դատարան է ներկայացվել տասնապատիկ պահանջ, իսկ մարտի 2-ի հաղորդագրությունում արդեն բոլորովին այլ գումար է հրապարակվել։

Նա պնդում է, որ պահանջվող գույքերի գերակշիռ մասը պատկանում է իր եղբորը և նրա ընտանիքին, որոնք բիզնեսով զբաղվել են դեռ 1990-ականներից։

Այս փուլում առանցքային հարցը հետևյալն է․ ո՞ր գույքն է անձամբ Լևոն Մկրտչյանին պատկանում, և ո՞րը՝ նրա եղբորն ու ընտանիքի անդամներին։

Մինչ դատարանը չի տարանջատել սեփականության շրջանակը և չի գնահատել ապօրինի ծագման հիմնավորվածությունը, քաղաքական ամբիոնից հնչող մեղադրական հայտարարությունները հակասում են անմեղության կանխավարկածի սկզբունքին։ Բռնագանձման այս աղմկոտ գործը, փաստորեն, մտնում է մի փուլ, որտեղ ոչ միայն թվերն են կարևոր, այլև դրանց իրավական ճշգրտությունը»։

Blog Image