Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից «հինգ պակաս» երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է նոր փորձության ենթարկել ընդդիմադիր դաշտին եւ կրկին վերաակտիվացնել իր թիմի նախաձեռնած եւ ոչ մի տեղ չտանող իմպիչմենտի գործընթացը։
Հրապարակ թերթը գրել է․ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու ձեռնարկով ՀՀԿ-ն, հիշեցնենք, հանդես էր եկել դեռ անցած տարվա ամռանը, եւ այդ առաջարկի հողի վրա երրորդ եւ երկրորդ նախագահների թիմերի տարաձայնությունները սրվեցին: Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքում թերահավատ էին այդ գործընթացի հաջողության նկատմամբ եւ տեւական ժամանակ ձգում էին` չէին միանում դրան, ինչի համար դաժան քննադատության էին արժանանում հակառակ ճամբարից:
Երկար չեմուչումից հետո, սակայն, անցած տարվա սեպտեմբերին պաշտոնապես հայտարարեցին իրենց համաձայնության մասին` ստորագրելով իմպիչմենտի փաստաթուղթը եւ միանալով «Պատիվ ունեմ»-ի նախաձեռնությանը: Սակայն պարզվեց, որ իմպիչմենտի կողմնակիցները չեն կարողացել բավարար թվով ձայներ ստանալ, եւ անգամ նախագիծը շրջանառության մեջ դնել հնարավոր չէր` իրենց ու «Հայաստան» դաշինքի պատգամավորների համատեղ 34 ձայնին եւս 2 ձայն էր պետք։
Ամիսներ անց ՀՀԿ-ն թեպետ չի կարողացել պակասող 2 ձայնի հարցը լուծել, բայց որոշել է կրկին օրակարգ բերել իմպիչմենտի այդքան չարչրկված թեման: Գուցե ընտրություններից «հինգ պակաս» նման քայլի իմաստն ընդդիմադիր դաշտին հարվածելն է, բոլորին անհեռանկար, անիրատեսական գործընթացի տապալման մեղավորներ հռչակելը, որ հետո հայտարարեն` չենք մասնակցում ընտրություններին։
Նախօրեին ՀՀԿ-ական նախկին համայնքապետ, իմպիչմենտի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը, որն այժմ գտնվում է տնային կալանքի տակ, ֆեյսբուքյան էջով տեղեկացրեց, որ իր հարազատ կուսակցությանը նամակ է հասցեագրել՝ համոզմունք հայտնելով, որ վարչապետին անվստահություն հայտնելը Հայաստանում «իշխանափոխության միակ իրական տարբերակն է», եւ խնդրելով քաղաքական խորհրդակցություններ սկսել, համախմբել ընդդիմադիր դաշտը, փողոցային պայքար գեներացնել։
Երեկ ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը խորհրդարանում, ճեպազրույցի ժամանակ մանրամասներ չհայտնեց, թե ինչպես են պատկերացնում գործընթացի իրագործումը, ինչպես պետք է փողոցային պայքար ապահովեն, ինչպես ստանան պակասող ձայները, կարո՞ղ է ստացվել այնպես, որ ընդդիմադիր այլ ուժերի հորդորեն փողոց դուրս գալ, միանալ իմպիչմենտի ծրագրին, եւ եթե վերջիններս մերժեն իրենց, հայտարարեն, որ նրանք դեմ են իշխանափոխությանը, եւ ընտրություններից «հինգ պակաս» սկսեն վարկաբեկել նրանց։
Մեր հարցերին պատասխանելու փոխարեն Մամիջանյանը հայտարարեց, թե նախապես տեղյակ չեն եղել իրենց կուսակցի` Դավիթ Համբարձումյանի կոչից եւ պատրաստվում են առաջիկայում այն քննարկել, որից հետո միայն դիրքորոշում կհայտնեն։ Հիշեցրինք, որ մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը դատարանի բակում արդեն «անոնսել» էր իմպիչմենտի գործընթացում նոր զարգացումների մասին, ինչպե՞ս կարող էին թիմում չիմանալ։
Բացի այդ՝ Դավիթ Համբարձումյանը ՀՀԿ անդամ է, ենթադրվում է` նախապես պետք է տեղեկացրած լիներ թիմին: Սակայն Հայկ Մամիջանյանն անցավ ագրեսիվ լեքսիկոնի եւ հստակ պատասխանելու փոխարեն պիտակավորեց մեր հարցադրումները, թե «Հայաստանում իրողություններ են փոխվում ամեն օր, եւ եթե Հայաստանում կա մի ընդդիմադիր, որը կասի՝ ինքը դեմ է փողոցային պայքարին, ես շատ զարմացած կլինեմ։ Ես ուզում եմ տեսնել այդ ընդդիմադիրին»։
Որեւէ ընդդիմադիր, բնականաբար, դեմ չէ փողոցային պայքարին, սակայն ընտրություններից մի քանի ամիս առաջ կրկին ասպարեզ բերել իմպիչմենտի մեռելածին գաղափարը եւ դրանով մարդկանց փողոց հանել` սխալ է։ Մամիջանյանի կարծիքով՝ իմպիչմենտի եւ ընտրական գործընթացներն իրար հակասող չեն, իսկ փողոցային պայքարի պարագայում փոխլրացնող են։
«Եթե իմպիչմենտի օրակարգով գեներացվի փողոցային հուժկու պայքար, նույնիսկ եթե այն չհասնի իր նպատակին, ապա այն հավելյալ լծակ է իրական ընդդիմության ձեռքում, որպեսզի զսպեն իշխանություններին՝ կեղծիքներ, խախտումներ անելը, որոնք իրենք միանշանակ անելու են։
Ընտրությունների բարձր մասնակցությունը մեր քաղաքացիների կողմից կարեւորագույն կետերից է։ Փաշինյանի ընտրողների թիվը ֆիքսված է, դա ադմինիստրատիվ ռեսուրսն է, իրենից ուղիղ ֆինանսական կամ այլ կախումներ ունեցող մարդիկ են եւ դեռեւս խաբված մեր քաղաքացիներն են։ Դա ֆիքսված թիվ է, ո՛չ աճում է, ո՛չ նվազում։ Հետեւաբար, ինչքան շատ լինի մասնակցությունը, այնքան ավելի ցածր տոկոս կստանա իշխանությունը։ Ուստի, անկախ զուգահեռ իմպիչմենտի գործընթացից, ընտրություններին մասնակցությունը մեր քաղաքացիների կողմից անհրաժեշտություն է»,- ասաց նա՝ հավելելով, որ իմպիչմենտը նույնական է փողոցային պայքարին։
«Մինչեւ հիմա տեղի ունեցած բոլոր փողոցային պայքարները, այո, իրենց ամբողջական նպատակին չեն հասել, այդտեղ վիճել հնարավոր չէ․․․ Բայց կաթիլը քար է ծակում, եւ մենք պարզապես պարտավոր ենք՝ հաշվի առնելով մեր խոստումները, հաշվի առնելով մեր ասածները։ Ես չեմ կարող երաշխավորել՝ այս կամ այն պայքարի փուլն ինչ արդյունքի կհասնի, բայց կարծում եմ՝ պատճառաբանությունը, որ «իսկ եթե չստացվի»` պայքարը չսկսելու համար, տեղին չէ»։
Ռոբերտ Քոչարյանի թիմում երեկ նախընտրեցին դեռ լռություն պահպանել, խմբակցության ակտիվը հրաժարվեց մեկնաբանություններ տալ, շարքայիններից Արսեն Ղազարյանն էլ ասաց, թե իմպիչմենտի մասին ամիսներ առաջ արդեն իրենց դիրքորոշումը հայտնել են, այն չի փոխվել։ Եթե ձեզ փողոցային պայքարի կոչ անեն, կմիանա՞ք՝ հետաքրքրվեցինք մենք։ «Ոնց կորոշի խմբակցությունը, հիմա չեմ կարող այդ հարցին պատասխանել»,- ասաց պատգամավոր Պետրոս Մեղրյանը: Իսկ ճի՞շտ է ընտրությունից «հինգ պակաս» իմպիչմենտի թեման օրակարգ բերելը։ «Էդ իրենք են բերում, ես չեմ ուզում վատ բաներ մտածել, որ ուզում են ընդդիմությանը փորձել, կգա ժամանակը` որոշում կկայացնեն, մենք էլ կենթարկվենք»։

Բաց մի թողեք
Մինչեւ հանրությունն աղմուկ չի բարձրացնում, չի ստիպում, չի թելադրում
Եղբայրները չեն շփվում, բայց բռնագանձվում են միասին. Լուսանկար
Հակակոռուպցիոն կոմիտեն սեմինարիներին մասնակցելով է կոռուպցիայի դեմ պայքարում. Թվեր