04/03/2026

EU – Armenia

Մինչեւ հանրությունն աղմուկ չի բարձրացնում, չի ստիպում, չի թելադրում

Մեր երկիրը ոչ թե օրենքներն ու ավանդույթներն են կառավարում, ոչ թե պետական այրերն են որոշումներ կայացնում, հանրային շահն է իշխանությունների վարքը թելադրում, այլ՝ Ֆեյսբուքը:

Հրապարակ թերթը գրել է․ Այն, որ այս իշխանության ներկայացուցիչներն իրենց նշանակման օրվանից դեռ շատ ավելի վաղ ֆեյսբուքյան իրականության մեջ էին ապրում եւ Ֆեյսբուքով ամեն ինչ կառավարում, դա վաղուց է հայտնի:

Այն, որ պետական գերատեսչությունները եւ դրանց ղեկավարները հանրությանն ուղղված տեղեկատվությունը ոչ թե պաշտոնական էջերով եւ լրատվամիջոցներով են հայտնում, դա էլ է հայտնի:

Բայց արդեն կարեւոր որոշումներն էլ են սկսել ֆեյսբուքյան հանրության կողմից կայացվել, եւ մինչեւ հանրությունն աղմուկ չի բարձրացնում, չի ստիպում, չի թելադրում, իշխանության ղեկին գտնվողները ոչինչ չեն անում:

Անգամ պարզունակ հարցերում Ֆեյսբուքն է սկսել որոշել իշխանության վարքը: Ֆեյսբուքն աղմկեց Մաշտոցի նկարն Այբբենարանից հանելու կապակցությամբ, Մաշտոցին վերադարձրին դասագիրք:

Ֆեյսբուքն ամոթանք տվեց միլիարդների հասնող պարգեւավճարների ու թոշակների 10 հազարի մասին ասված անհեթեթության մասին, նոր հասկացան, որ անհարմար է նախարարին 7 միլիոն դրամ տալն ու թոշակները գոնե մի չնչին չափով չբարձրացնելը:

Մեր հարեւանությամբ պատերազմ է սկսվել, իսկ իրենք, «ուրախ ավտոբուսը» նստած, զվարճանալով, սրտիկներ ցույց տալով, ջրիկանալով, ճանապարհ են գնում` մարզերում քարոզչություն անելու:

Մինչեւ Ֆեյսբուքն աղմուկ չբարձրացրեց, թուքումուր չտվեց, ո՛չ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեցին, ո՛չ էլ Իրանի հոգեւոր առաջնորդի մահվան առիթով ցավակցություն տարածեցին:

Անմեղսունակների այս կառավարությանը որոշումներ պարտադրելու ձեւը հանրությունը գտել է, բայց ստացվում է՝ հանրությունն է երկիրը կառավարում: