Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարել է, որ Նախիջևանի ուղղությամբ անօդաչու թռչող սարքեր չի կիրառել:
«Իրանի իսլամական հանրապետությունը, հարգելով հարևան բոլոր պետությունների, հատկապես եղբայրական մուսուլմանական երկրների ինքնիշխանությունը, ժխտում է Ադրբեջանի ուղղությամբ ԱԹՍ-ի արձակումը»,- Իրանի պետական ռադիոհեռուստաընկերությանը հղելով՝ հայտնել է ՌԻԱ Նովոստին:
Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցի, Իրանի ԳՇ-ն պնդել է, որ «հարձակումը գործել է Իսրայելը, որպեսզի փչացնի իսլամական երկրների հարաբերությունները»:
Ի պատասխան, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել երկրորդ հայտարարությամբ և Իրանի ԶՈՒ ԳՇ հերքումը որակել «բացարձակապես անընդունելի»: Բաքվի ռազմական գերատեսչությունը միջադեպի կապակցությամբ հավելյալ պարզաբանում է արել:
Ըստ այդմ, Իրանի կողմից «արձակվել է անօդաչու թռչող չորս սարք, որոնցից մեկը ադրբեջանական բանակի կողմից ոչնչացվել» է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդել է, որ Իրանը «թիրախ է ընտրել միջնակարգ դպրոցը, որտեղ այդ պահին ուսումնական գործընթացը շարունակվում» էր:
Իշխանական haqqin.az-ի գնահատմամբ, Իրանի «բարձրագույն ղեկավարությունը միջազգային հանրության առջեւ բացահայտել է ահաբեկչական բնույթը»: Լրատվամիջոցը շատ կարեւոր դիտարկում է արել, որ Իրանի կրոնապետությունը «փորձում է տեղեկատվական պատնեշ ստեղծել Ադրբեջանի եւ Իրանում բնակվող ադրբեջանցիների միջեւ, որոնց համար աշխարհիկ եւ բարգավաճ Ադրբեջանը պատմական հայրենիք է»:
Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները այս ֆոնին տագնապ են հայտնել, որ Միացյալ Նահանգները «զինված աջակցություն է խոստացել իրանցի քրդերին, և նրանք կարող են գրավել ադրբեջանական Խոյ, Սալմաստ և մյուս քաղաքները»:
Նրանք գտնում են, որ «Թուրքիան և Ադրբեջանը չպետք է թույլ տան, որ Իրանում կրկնվի իրաքյան Կիրկուկի նախադեպը, որտեղ տասնյակ հազարավոր էթնիկ թուրքեր ենթարկվել են բռնատեղահանության»:
Անվտանգության խորհրդի նիստում Իլհամ Ալիևը պահանջել է, որ Իրանը Նախիջևանի միջադեպի համար ներողություն խնդրի, բացահայտի մեղավորներին և նրանց պատասխանատվության ենթարկի:
Իսլամական հանրապետության ԶՈՒ ԳՇ-ն, ինպես նաև փոխարտգործնախարար Ղարիբաբադին ժխտել են Ադրբեջանի ուղղությամբ ԱԹՍ-երի արձակումը: Դա նշանակում է, որ Իրանը այդ հարցով Ադրբեջանի հետ քննարկելու թեմա չի տեսնում:
Ալիեւը նաեւ հայտարարել է, որ բանակին, սահմանապահ և անվտանգության ու հատուկ նշանակության ուժերին համապատասխան հրահանգներ տրված են, նրանք «պատրաստ են իրակաանցնել ցանկացած գործողություն»:
Իր հերթին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հավաստիացրել է, որ Իրանի «ուխտադրուժ քայլը անպատասխան չի մնա»: Ի՞նչ «պատասխան» է ծրագրում Բաքուն և արդյո՞ք Ալիևը կտա Իրանի դեմ «հատուկ գործողության» հրաման:
Մի շարք աղբյուրներ տեղեկացրել են, որ Իրանը հայտարարել է իր տրամադրության տակ «միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի առկայության մասին, որի հեռահարությունը տասը հազար կիլոմետր» է:
Սպառնալիքի հասցեատերն, անկասկած, Միացյալ Նահանգներն է: Ադրբեջանը դադարեցրել է իր տարածքով Ռուսաստան – Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների տրանզիտը:

Բաց մի թողեք
Ռուսաստանը և Ադրբեջանը հարաբերությունները վերադարձրել են դաշնակցային գործընկերության մակարդակի
Նախապատրաստվո՞ւմ է Պուտին – Ալիև հանդիպում` ընդդեմ Հայաստանի
Ո՞րն է Ադրբեջանի նախագահի Անթալիայում գտնվելու նշանակությունը