24/03/2026

EU – Armenia

Իրավապահները խուզարկել են ԱԱԾ շենքի ուղղությամբ հրավառ շշեր նետած երիտասարդի տունը. Լուսանկար

«Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները կալանավորված երիտասարդի տանից տարել են հեռախոս, համակարգիչ, սակայն որևէ իր չեն հայտնաբերել ահաբեկչության քրեական վարույթին առնչվող։

ArmLur.am-ը արդեն տեղեկացրել էր, որ այս տարվա մարտի 6-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 1994 թվականին ծնված Րաֆֆի Մանդալյանը հրավառ շշեր էր նետել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի վրա։

ArmLur.am-ի՝ իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրները միջադեպի վերաբերյալ նոր, բացառիկ մանրամասներ են հայտնում՝ բացահայտելով երիտասարդի գործողության շարժառիթները։

Մասնավորապես, ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, դյուրավառ շիշը նետած քաղաքացի Րաֆֆի Մանդալյանը իրավապահներին ցուցմունք է տվել, բացատրել, որ իր քայլը պայմանավորված է եղել խորը զայրույթով և հիասթափությամբ։ Նա նշել է, որ իրեն մտահոգում է հայրենիքի անվտանգության վիճակը, և, իր համոզմամբ, հասարակության մեջ առկա է անտարբերություն և լռություն այդ հարցի շուրջ։

Մանդալյանի խոսքով՝ իր գործողությամբ փորձել է ցույց տալ, որ «բոլորը անտարբեր չեն»։ Նրա նպատակն է եղել կոտրել, իր ձևակերպմամբ, հասարակական լռությունը և ուշադրություն հրավիրել այն հարցի վրա, որ քաղաքացիների մի հատվածը մտահոգված է երկրի ապագայով։

Ըստ նույն աղբյուրների՝ նա կանխամտածված կերպով գնացել է Ազգային անվտանգության ծառայության շենք ոչ աշխատանքային ժամին՝ փորձելով խուսափել մարդկային վնասներից և միաժամանակ ապահովել իր ուղերձի հրապարակայնությունը։

Իր բացատրությամբ՝ այդ քայլը կատարել է՝ «ինքնազոհության գնալով», միայն թե իր ասելիքը հասնի հանրությանը․ բոլորը չէ, որ անտարբեր են հայրենիքի ճակատագրի նկատմամբ։ Հատկանշական է նաև, որ շշերը նետելուց հետո Րաֆֆի Մանդալյանը չի փորձել փախչել դեպքի վայրից։ Նա կանգնել է փողոցում և սպասել իրավապահներին։

Դատարանում ևս նա բարձրաձայնել է իր մտահոգությունները՝ հարց ուղղելով ներկաներին․ «Հայրենիքը վտանգի տակ է, մի՞թե դուք չեք անհանգստանում»։

Նշենք նաև, որ կալանավորված Րաֆֆի Մանդալյանը ներկայումս գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Վերջինս մասնագիտությամբ անասնաբույժ է։

ՀՀ քննչական կոմիտեից պաշտոնապես հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ ահաբեկչություն, որը պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով»։

Blog Image