17/04/2026

EU – Armenia

Ե՞րբ է Ուկրաինան դիվանագիտական «շոշափուկներ» ստեղծել Սաուդյան Արաբիայում

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմի ֆոնին տեղի է ունեցել բոլոր առումներով անսպասելի և այդքանով էլ չափազանց կարևոր իրադարձություն:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկօրյա աշխատանքային այց է կատարել Սաուդյան Արաբիա և բանակցություններ վարել թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանի հետ: Արդյունքում կողմերի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է համագործակցության մասին համաձայնագիր:

Այսպիսով, Ուկրաինան Եվրոպայի առայժմ միակ երկիրն է, որ Պարսից ծոցի առաջատար երկրի՝ Սաուդյան Արաբիայի, հետ պաշտպանության, ռազմական արդյունաբերության և տեխնոլոգիաների բնագավառներում ֆորմալ համագործակցություն է հաստատում:

Ուկրաինան տարածաշրջանի երկրներ շուրջ երկու հարյուր հիսուն մասնագետ է գործուղել, որ կազմակերպում են իրանական ԱԹՍ-երի դեմ պայքարը:

Ուկրաինայի նախագահի Սաուդյան Արաբիա այցի էական մանրամասնություններն, ինչ խոսք, հրապարակայնացման ենթակա չեն ոչ միայն այսօր, երբ Իրանի դեմ պատերազմը շարունակվում է, իսկ Իսլամական հանրապետությունը՝ թիրախավորում տարածաշրջանում ամերիկյան հենակայանները և էներգետիկ ենթակառուցվածքները, այլև չեն բացահայտվելու տեսանելի ապագայում:

Փաստը խոսուն է նրանով, որ արդեն հինգերորդ տարին գտնվելով միջուկային տերություն Ռուսաստանի հարձակման թիրախում, իսկ ավելի քան մեկ տարի ենթարկվելով Միացյալ Նահանգների նախագահի միակողմանի քաղաքական ճնշումներին և ռազմական օգնության սահմանափակումներին, Ուկրաինան, այնուամենայնիվ, այնքան բարձր է պահել դիմադրողականությունը և ռազմական ոլորտում հասել այնպիսի մակարդակի, որ նրա նախագահի համար բացվել է միջազգային ազդեցիկ դերակատարություն ստանձնելու հանարավորություն:

Սաուդյան Արաբիան ոչ միայն իսլամական աշխարհում, այլև միջազգային բարձր մակարդակ ունեցող միապետություն է, Պարսից ծոցում ԱՄՆ-ի , թերևս, ամենաազդեցիկ դաշնակիցը: Ուկրաինա-սաուդյան ռազմատեխնիկական և տեխնոլոգիական համագործակցությունը չի կարող չազդել ուկրաինական կարգավորման գործընթացում Վաշինգտոնի դիրքորոշմանը:

Այդ համագործակցությունը միաժամանակ վարկանիշային հարված է Ռուսաստանին, որ Մերձավոր Արևելքում ավանդաբար ունեցել է «ուժեղ խաղացողի» հեղինակություն:

Սաուդյան Արաբիայի և Ուկրաինայի պաշտպանական դաշինքը, բացառված չէ, կարող է նախադեպային լինել տարածաշրջանի այլ երկրների, հատկապես՝ Արաբական միացյալ էմիրությունների համար և միաժամանակ ներգրավել Թուրքիայի և արաբական աշխարհի ռազմավարական մերձեցման միտումներին:

Զելենսկու դիվանագիտական կարևոր ձեռքբերումն, ըստ երևույթին, կտրուկ կբարձրացնի նաև ՆԱՏՕ-ի համար Ուկրաինայի նշանակությունը:

Նման մակարդակի և նշանակության համաձայնությունները, որպես կանոն, բանակցվում են երկար և ամենավերջին մանրամասնություններով:

Ե՞րբ է Ուկրաինան դիվանագիտական «շոշափուկներ» ստեղծել Սաուդյան Արաբիայում, ո՞ր երկրներն են նրան այդ հարցում անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, դա արդեն, երևի, Ռուսաստանի արտաքին հետախուզության թերությունն է: Փաստ է, որ Ուկրաինան եվրոպական մակարդակում կտրուկ բարձրացրել է սուբյեկտայնությունը, և դա անհետևանք չի մնա: