17/04/2026

EU – Armenia

ՔՊ-ականներն ավագանու նիստին անսպասելի փափկել էին. «հաշտության» մթնոլորտ`ընդդիմադիր փոխքաղաքապետի հետ

Գյումրու ավագանին արտահերթ նիստ էր հրավիրել, որի օրակարգում ընդամենը մեկ հարց էր, սակայն քննարկումները վերածվեցին քաղաքի ամենացավոտ թեմաների հերթական բացահայտմանը։

Նիստը դեռ չսկսված՝ քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանը առաջարկեց անցնել օրակարգից դուրս հարցի՝ Անի թաղամասի Մովսես Խորենացի փողոցի վիճակին։ Փողոցը, որը չի ընդգրկվել ՎԶԵԲ-ի ծրագրում, բառացիորեն քանդված վիճակում է։ Առաքելյանը հարց բարձրացրեց՝ արդյոք հիմա սկսել փոսալցումը, թե սպասել, որ պետությունը գումար հատկացնի ամբողջական վերանորոգման համար, որպեսզի հետո չմեղադրվեն «փոշիացման» մեջ։

Որքանով տարօրինակ է, այս անգամ Քաղաքացիական պայմանագրի ավագանու անդամները ոչ միայն համաձայնն էին փոխքաղաքապետի հետ, այլև` զգալի հաշտ։ ՔՊ խմբակցության ներկայացուցիչ Վահագն Մկրտչյանն էլ համաձայնելով առաջարկին` շեշտեց, թե դա ոչ թե հարմարավետության, այլ անվտանգության հարց է, պետք է փողոցը շուտ վերանորոգել։
Օրակարգի միակ պաշտոնական հարցը փաստաբան Իրինա Հակոբյանին լիազորելն էր՝ ներկայացնելու ավագանու շահերը 9 դատական գործերով՝ տարբեր ատյաններում։ Իրավաբանական բաժնից պարզաբանեցին՝ խոսքը վերաբերում է միայն ընդհանուր իրավասության դատարան տեղափոխված գործերին։

Սակայն նիստի «թեժ» հատվածը տրանսպորտի թեման էր։ Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը հիշեցրեց նախկին խոստումները և ուղիղ հարց տվեց՝ հիմա էլ վարորդներն են որոշում՝ երբ դուրս գան գիծ։ Ի պատասխան՝ վստահեցվեց, որ որոշումները կայացնում է ՓԲԸ-ն, ոչ թե վարորդները։

Տրանսպորտի պատասխանատու Գագիկ Ավետիսյանը փորձեց մեղմել իրավիճակը՝ նշելով, որ երեկոյան ժամերին տրանսպորտը գործում է, պարզապես մեքենաների թիվն է կրճատվում, ինչի պատճառով մարդիկ տպավորություն են ստանում, թե նորմալ չեն աշխատում։ Քաղաքապետարանը խոստացավ` առաջիկա օրերին կհրապարակվի նոր չվացուցակ՝ ավելի կարճ միջակայքերով։

Քննարկման ընթացքում պարզ դարձավ նաև, թե ինչու են «կանաչ» էկո-ավտոբուսները շարունակում կանգնած մնալ։Պարզվում է` Խնդիրը պայմանագրային է՝ Վանաձորի հետ համատեղ ծրագրի շրջանակում։ Քաղաքապետարանը չի համաձայնում ստորագրել փաստաթուղթ, որի պահանջները չի կարող իրականացնել՝ հատկապես միասնական տրանսպորտային համակարգի և անկանխիկ վճարումների բացակայության պայմաններում։

Թափոնների թեման ևս դուրս չմնաց քննարկումներից։ Քաղաքային իշխանությունը փաստեց՝ այս պահին բավարար ռեսուրսներ չկան, որպեսզի ապահովվի նախատեսված ծավալի աղբի հավաքագրում և վերամշակում։

Նիստի վերջում կրկին հիշվեց Գյումրու աղբադաշտը, որը տարիներ շարունակ «ինքնահրկիզվում» է։ Թեև անցած տարվա հրդեհը մարվել էր տեղումների շնորհիվ, նոր բռնկումների վտանգը մնում է։ Առաջարկվեց տեղադրել տեսախցիկներ՝ հասկանալու համար, թե ովքեր են կանգնած հրդեհների հետևում։

Ավետիս Առաքելյանն էլ ակնարկեց, որ այրումները կարող են միտումնավոր լինել՝ նշելով, որ արդեն քննարկումներ կան հնարավոր ներդրողների հետ՝ տարածքի վերահսկումն ուժեղացնելու համար։

Այս ամենի ֆոնին ուշագրավ է նաև քաղաքական ենթատեքստը։ Վերջին շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության վարքագիծը նկատելիորեն փոխվել է։ Եթե նախկինում նրանք ավելի կոշտ էին ու հաճախ բախվում էին քաղաքային իշխանության հետ, ապա այժմ առավել զուսպ են, պակաս հակադրող։ Նույնիսկ նախկին բացակայությունների փոխարեն պարտաճանաչորեն առաջինն են գրանցվում։

Մեր տեղեկություններով՝ այս փոփոխությունը պատահական չէ։ Վերևներից հորդոր է իջեցվել՝ առավել հանդուրժող լինել Վարդան Ղուկասյանի փեսայի` փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանի նկատմամբ։ Պատճառներից մեկը առաջիկա քաղաքական գործընթացներում համայնքային իշխանության դերն է` հատկապես այն դեպքերում, երբ անհրաժեշտ է համայնքապետարանի ներգրավվածությունը կամ համայնքապետի ստորագրությունը։ Մյուս կողմից՝ փորձ է արվում չսրել ներքաղաքային լարվածությունն ու չբորբոքել գյումրեցիների դժգոհությունը։