Ալեն Սիմոնյանի ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում, որում ասել է.
«Ինձ համար մեծ պատիվ է ընդունել Թուրքիայի հրավերը եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից հանդես գալ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովում: Կցանկանայի նշել, որ քննարկվող՝ «Հույսի սերմանում, խաղաղության ապահովում եւ արդարության երաշխավորում ապագա սերունդների համար» թեմայի կարեւորությունը դժվար է գերագնահատել: Թույլ տվեք ասել մի ակնհայտ ճշմարտություն. ծաղկող ներկան եւ ապագան կառուցվում են հույսի, խաղաղության եւ արդարության հիմքերի վրա:
Հայաստանի դեպքում հենց այս գաղափարն է ձեւավորում մեր քաղաքականությունը եւ ուղղորդում մեր գործողությունները: Մենք ձգտում ենք այնպիսի ապագայի, որտեղ բոլորը կունենան սոցիալական եւ տնտեսական բարեկեցության հավասար հնարավորություններ:
Բայց ո՞վ է պարզապես երազում ավելի լավ ապագայի մասին եւ ո՞վ է իրականում այն կերտում: Ապագա սերունդները չեն կարող կառուցել այն աշխարհը, որը ժառանգելու են: Լավագույն դեպքում նրանք կարող են միայն վստահել մեզ, որ մենք խոհեմորեն գործենք իրենց անունից:
Հույսը պահպանում է արդարության հանդեպ մեր ձգտումը եւ վստահելու կարողությունը: Մեր այսօրվա գործողությունները պետք է ծառայեն այդ վստահության կառուցմանը: Գալիք սերունդները պետք է հավատան, որ խաղաղությունը, որը մենք այսօր կառուցում ենք, տեւական է:
Չսխալվեք. մեր աշխարհի ճեղքերը խոր ու լուրջ են: Մենք խորապես մտահոգված ենք Իրանում ստեղծված իրավիճակով, եւ իմ աղոթքներն ուղղված են Իրանի ժողովրդին: Լիբանանի ճգնաժամը եւս չի կարելի անտեսել: Անշուշտ, մեր առջեւ ծառացած փորձությունը ծանր է: Սակայն ո՞վ, եթե ոչ մենք, ունենք ուժ եւ բարոյական պարտավորություն՝ բուժելու մեր աշխարհը:
Հայաստանը լիովին ընդունում է իր այդ պատասխանատվությունը:
2025 թվականին Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի առաջնորդների կողմից ստորագրված համաձայնագրից հետո մեր տարածաշրջանում խաղաղություն է տիրում: Սա, իրապես, մեծագույն նվաճում է: Սակայն մեր տեսլականն ավելի լայն է: Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր եւ միանալու մեզ խաղաղության կտավը հյուսելու գործում: Այս նպատակով մենք պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ:
Տասնամյակների անվստահությունից ու թշնամանքից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ձեւավորման նոր դարաշրջան է սկսվել: Այս առաջընթացն ամրապնդելու ջանքերն այժմ ուղղված են հաղորդակցությունների ամրապնդմանը եւ տեղում խաղաղությունն արդյունավետորեն իրականության վերածելու ապահովմանը:
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացումը եւս մեկ կարեւոր հանգրվան է: Այս նախաձեռնությունը նպատակ ունի միաժամանակ զարգացնելու տարածաշրջանային կապերը եւ ընդլայնելու միջազգային առեւտրային ուղիները:
Հիմնված լինելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավասության սկզբունքների վրա՝ ԹՐԻՓՓ-ն ունի Հարավային Կովկասում եւ դրա սահմաններից դուրս կայունությունը, տնտեսական համագործակցությունը եւ բարգավաճումը խթանելու ներուժ:
Կարգավորման հուսադրող նշաններն անհերքելի են: Տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առեւտուրը սկսել է ձեւավորվել: Ադրբեջանական ապրանքների ներմուծումը Հայաստան խորհրդանշական եւ գործնական քայլ է տնտեսական կապերի վերականգնման տեսանկյունից: Սրանք խաղաղության արդյունքներն են՝ շոշափելի բարելավումներ, որոնք անմիջականորեն օգուտ են բերում մեր ժողովրդին:
Միեւնույն ժամանակ, դեռեւս առկա են լուրջ մարդասիրական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Վստահության ամրապնդումը շարունակելու եւ իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն եւ վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, իսկ անհետ կորած մյուս անձանց ճակատագրերը պետք է պարզվեն:
Հարգելի՛ գործընկերներ,
Հիմա առաջնահերթությունները սահմանելու ժամանակն է, եւ ապագա սերունդների բարօրության համար մենք դրանք պետք է ընտրենք իմաստուն կերպով: Եվ ովքե՞ր են հաջորդ սերունդները: Նրանք մեր երեխաներն ու թոռներն են: Մեր սուրբ պարտականությունն է արժանի լինել նրանց՝ թողնելով ոչ թե պատերազմի, այլ խաղաղության ժառանգություն:

Բաց մի թողեք
Լրատվամիջոցները ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ․ նշված հասցեն երբևէ չի պատկանել ինձ․ Բաղդասարյան
Փաշինյանն ու Ֆոն դեր Լայենը քննարկել են հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների նոր հնարավորությունները
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ամառային զորակոչը և որքան կտևի