Ապրիլի 14֊ին հսկող դատախազի որոշմամբ վերացվեց 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Գործը փոխանցվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան։
Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից «Հրապարակը»տեղեկացավ, որ այն մակագրվել է դատավոր Ռազմիկ Մարիկյանին։ Մարիկյանին հազվադեպ են աղմկոտ գործեր մակագրվել, սա թերևս նրա առաջին «ծանր գործն է», որը ծայրից ծայր քաղաքական է։
Դատարան ուղարկված մեղադրական եզրակացության համառոտ նկարագիրն այսպիսին է. «Դավիթ Գարեգինի Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա եղբոր՝ Միքայել Գարեգինի Մինասյանի օժանդակությամբ կատարել է Գևորգ Ալեքսանդրի Գևորգյանի կողմից կազմակերպված հանցանքները, այն է` 2026 թվականի մարտի 29-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան փողոցի 15/հասցեում գտնվող Սուրբ Աննա եկեղեցում կատարել է խուլիգանություն, ինչպես նաև պաշտոնատար անձի, քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով գործադրել է բռնություն»:
Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ վարչապետի անվտանգության աշխատակցի բռունցքի հարվածից հետո ուղեղի ցնցում և փակ գանգուղեղային վնասվածք ստացած Դավիթ Մինասյանը կալանքի տակ գտնվելիս հիվանդանոց էր տեղափոխվել` նրա հին առողջական խնդիրներին գումարվել էին թիկնապահի հասցրած հարվածի հետևանքները: Նրան սայլակի վրա էին տեղափոխում կալանավայր: Հիմա մեղադրականում կարդում ենք, որ 18-ամյա երիտասարդն է բռնություն գործադրել, այլ ոչ թե իր նկատմամբ են գործադրել:
Մինասյանը մեղադրվում է Ծաղկազարդի պատարագի օրը թիկնազորի հետ Սուրբ Աննա եկեղեցի մտած վարչապետի դեմ բռնություն գործադրելու ու խուլիգանության հոդվածներով: Նիկոլ Փաշինյանի համար ճանապարհ բացող անվտանգության աշխատողների հրմշտոցից վրդովված՝ ավագ դպրոցի աշակերտը ձեռքը բարձրացրել էր վարչապետի ուղղությամբ: Դրանից հետո անվտանգության աշխատողը հարվածել էր տղային, վայր գցել նրան:


Բաց մի թողեք
Այդ օրը ես առաջին անգամ վախի, սարսափի, ապագայի համար տագնապի զգացում ունեցա …
Իշխանությունն ընդդիմադիրների շարքերում բազմաթիվ ականներ է ներդրել
65 հազար դոլարի դրամաշնորհ հիվանդանոցին՝ առանց հաշվետվության. Լուսանկար, Փաստաթղթեր