22/04/2026

EU – Armenia

Մի համեստ առաջարկ

Միանգամայն հասկանալի է մեր հանրության պահանջը` ուժեղ, լավ ծրագրով ու մաքուր անցյալով թեկնածու տեսնելու հետ կապված:

Հրապարակ թերթը գրել է․ Մարդիկ հոգնել են ոչ պրոֆեսիոնալ, կիսագրագետ, պաշտոնը հարստացման միջոց դիտող, արագ հղփացող ու մեր երկրի ապագան վտանգող գործիչներից: Հիմա առավել եւս բարդ է մարդկանց հույս ու հավատ ներշնչելը, որովհետեւ տեսել են 88-ի եւ 2018-ի հեղափոխությունների արդյունքում իշխանության եկածների գործունեությունը, տեսել են Արցախից եկած գործիչների, պատերազմում հաղթանակ ապահովածների, հաղթանակից հետո իշխածների գործունեությունը եւ բոլորից անխտիր` դժգոհ են:

Անգամ փողոցից եկած հասարակ մարդու, ինքն իր ճանապարհը հարթած ընդդիմադիրի են տեսել իշխանության ղեկին եւ համոզվել են, որ մեծ չէ տարբերությունը` մարդը ընտրվե՞լ է, թե՞ ընտրակեղծիքներով է երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել:

Այս պարագայում` ինչպես ու ինչով առաջնորդվի ՀՀ քաղաքացին, որ կրկին չսխալվի եւ ինքն իր ձեռքով հերթական չարիքին չնստեցնի վարչապետի աթոռին: Մանավանդ` կրակից վառվածը, գիտեք, մոմին էլ է փչում: Դեռ առիթ կլինի առաջադրված քաղաքական ուժերին հատ-հատ անդրադառնալու, մանավանդ՝ դեռեւս առաջադրումները չեն ավարտվել: Բայց մի համեստ խորհուրդ-առաջարկ անեմ, որն ունիվերսալ է ցանկացած ընտրության դեպքում:

Նախ, ուշադիր լսեք առաջադրված թեկնածուների խոսքը եւ եթե ագրեսիա, չարություն, պառակտում ու թշնամանք կնկատեք, կզգաք, որ հերյուրանքներ է տեղում մրցակիցների հասցեին, միանգամից մերժեք նրան:

Պառակտիչ ու ագրեսիվ խոսքը պետք է մերժվի, նման լեքսիկոնով անձը չպետք է վարչապետ դառնա: Եթե մարդը ոչ թե իր արժանիքներն է ներկայացնում, այլ մրցակիցների թերություններն է ձեր աչքը կոխում, վարկաբեկում ու վատաբանում, ուրեմն արժանի չէ այդ բարձր պաշտոնին: