Վերջին շրջանում միջազգային դիտարկումները և փորձագիտական շրջանակները ահազանգում են, որ Ադրբեջանը ինտենսիվ կերպով ոչնչացնում կամ փոփոխում է Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը։
Մասնավորապես, փաստեր կան Սուրբ Հակոբ եկեղեցու, Կանաչ Ժամ եկեղեցու, Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի, Տիգրանակերտի հայկական եկեղեցու և Մեխակավանքի վանական համալիր եկեղեցիների և համալիրների վնասման կամ ձևափոխման վերաբերյալ։
Վերլուծաբան Արշակ Աբրահամյանը hraparak.am-ի հետ զրույցում անդրադարձել է ստեղծված իրավիճակին՝ այն գնահատելով որպես նպատակային և պետական մակարդակով իրականացվող քաղաքականություն։
Նրա խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո, երբ ադրբեջանական իշխանությունները վերահսկողություն հաստատեցին Արցախում, սկսվել է հայկական մշակութային կոթողների համակարգված ոչնչացում։
«Սա առանձին դեպքերի շարք չէ։ Մենք գործ ունենք հստակ քաղաքականության հետ, որի նպատակն է վերացնել ոչ միայն հայկական մշակութային, այլև կրոնական հետքը Արցախում»,- նշում է Աբրահամյանը։
Վերլուծաբանը ընդգծում է, որ արդեն իսկ հողին են հավասարեցվել բազմաթիվ հուշարձաններ, խաչքարեր, հուշահամալիրներ և եկեղեցիներ, իսկ գործընթացը շարունակական բնույթ է կրում։
Նրա կանխատեսմամբ՝ Ադրբեջանը առաջիկայում էլ ավելի կխորացնի այս քաղաքականությունը՝ կենտրոնանալով հատկապես հայկական եկեղեցիների և սրբավայրերի ոչնչացման վրա։
«Ակնհայտ է, որ այս գործընթացը միտված է հայկական պատմական ներկայության լիակատար վերացմանը։ Խոսքը ոչ միայն մշակութային, այլ նաև ինքնության ջնջման փորձի մասին է»,- ընդգծում է նա։
Աբրահամյանը նաև մտահոգություն է հայտնում միջազգային կառույցների արձագանքի պակասի վերաբերյալ՝ նշելով, որ լռությունը կարող է նպաստել նման գործողությունների շարունակությանը։
Միևնույն ժամանակ, նա կարևորում է հայկական կողմի հետևողական աշխատանքը՝ փաստերի հավաքագրման, միջազգային հարթակներում հարցի բարձրացման և իրավական գործընթացների նախաձեռնման ուղղությամբ։

Բաց մի թողեք
Գորիսի ՔՊ-ական համայնքապետ Առուշ Առուշանյանը Ավինյանից շատ խորհրդական, օգնական ու տեղակալներ ունի
Թույլտվության համար չի դիմել. ինչո՞ւ են Սիրուշոյի խանութի վրայից հեռացնել տվել խաչի տեսքով գովազդը․ Լուսանկար
Մեծ Բրիտանիայի վարչապետ. Տեխնոլոգիական խոշոր ընկերությունները պետք է սահմանափակեն երեխաների համար նախատեսված անպարկեշտ բովանդակությունը